«Պատմության դասեր» արտահայտությունը օրվա քաղաքական խնդիրների առիթով հաճախ է գործածվում որպես գեղեցիկ, բայց աննյութ խոսք, եւ ամեն մեկն այն հասկանում ու մեկնաբանում է իր ճաշակով՝ հաճախ ո՛չ իրական պատմությունն իմանալով, ո՛չ էլ օրվա քաղաքական իրողությունները։
Իր վերջին երկու ելույթներում (ՀՀՇ համագումարում եւ սեպտեմբերի 17-ի հանրահավաքում) Լեւոն Տեր-Պետրոսյանը ահազանգում է, թե այսօրվա եւ 1920թ. իրողություններն ու իրավիճակները նման են, եւ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, կարող ենք ծանր ու անվերադարձ կորուստներ ունենալ, եթե երկրի քաղաքականությունը հաշվի չառնի այդ իրողությունները, չբխի դրանցից ու չունենա կանխատեսելու կարողություն։ Առաջին նախագահի ահազանգը կարեւորություն է ստանում հատկապես նրանով, որ նա իր մեջ մեկտեղում է մի կողմից` գիտակ պատմաբանին, մյուս կողմից` առաջնակարգ ու փորձառու պետական գործչին, ինչը եզակի հնարավորություն է տալիս անցյալը դիտարկել պատմաքաղաքական տեսանկյունից։ Այս դեպքում պատմության դասը դառնում է առարկայական եւ ստույգ, ոչ թե վիպասանության կամ հրապարակախոսության համար նյութ, այլ գործնական քաղաքականության հիմք։
Ո՞րն էր իրավիճակը 1920-ին։ Օբյեկտիվորեն անխուսափելի՞ էին, արդյոք, այն կորուստները, որ կրեցինք, թե՞ կարող էինք նաեւ շահած դուրս գալ։ Ի՞նչը մեզ պակասեց։ Ո՞րն է նմանությունն այսօրվա հետ։
Ռուսաստանը. Ռուսաստանը մեծ զիջումների գնով սեպարատ համաձայնագիր էր կնքել Գերմանիայի ու նրա դաշնակիցների հետ` այդ կերպ խորհրդային իշխանությունը ողջ երկրում հաստատելու, քաղաքացիական պատերազմի դժվարին շրջանը հաղթահարելու համար։ Ֆրանսիայում ընթանում էր Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած պետությունների կոնֆերանսը, որտեղ Ռուսաստանը չուներ վճիռների վրա ազդելու հնարավորություն։ Այս ամենը չէր կարելի չտեսնել։ Ակնհայտ էր նաեւ, որ արդեն վերականգնվող ու հզորացող Ռուսաստանը ձեռնամուխ էր եղել նախկին կայսրությունից պոկված երկրամասերը խոհրդայնացնելու ճանապարհով իր ազդեցության ոլորտ վերադարձնելու գործին։ Այդ երկրամասերից էր Այսրկովկասը։ Հետպատերազմյան Արեւմուտքը, մի կողմից՝ թուլացած երկարամյա պատերազմից, մյուս կողմից` զբաղված հետպատերազմյան կարգավորման հարցերով, ջանում, բայց անզոր էր գործուն դիմադրել ռուսական նոր իշխանության ծրագրերին, այդ թվում նաեւ Այսրկովկասում։
Թուրքիան. Թուրքիան կանգնած էր հաղթող պետությունների կողմից մասնատման ծրագրի վտանգի առջեւ։ Նույն հակառակորդի` Արեւմուտքի դեմ դաշնակից փնտրող Թուրքիան եւ Ռուսաստանն անմիջապես գտան իրար։ Ռուսական բազմակողմ օգնության շնորհիվ Թուրքիայում Մուստաֆա Քեմալի կողմից գլխավորվող շարժումը դժվարությամբ, բայց սկսեց շտկել իրավիճակը։ Արդեն 1920թ. գարնանն առարկայացած էր ռուս-թուրքական ոչ ֆորմալ դաշինքը։ Դրանից Ռուսաստանն ակնկալում էր իր ազդեցության վերականգնում Այսրկովկասում, Թուրքիան` մասնատումից փրկություն, հնարավոր քիչ կորուստներով տարածքային ամբողջականության պահպանում։ Սրանք նույնպես ակնհայտ իրողություններ էին։
Ադրբեջանը. Մեծ քաղաքական հմտություն պետք չէր տեսնելու համար, որ հենց առարկայացած այս տանդեմը, ոչ թե համաշխարհային պատերազմում հաղթած պետությունների փարիզյան կոնֆերանսը կամ այլ մի ուժ էր որոշելու Այսրկովկասի քարտեզն ու ճակատագիրը։ Կարեւոր չէ` ինքնուրույն, թե Թուրքիայի օգնությամբ, դա իսկույն տեսավ Ադրբեջանը։ 1920թ. ապրիլի 28-ին իշխող մուսավաթականները իշխանությունը հանձնեցին կոմունիստներին, Ադրբեջան մտավ 11-րդ կարմիր բանակը։ Դրանով Ադրբեջանը դարձավ Այսրկովկասի ճակատագիրը որոշող այս դաշինքի «ասոցացված անդամ»` ստանալով դիրքային-քաղաքական առավելություն Հայաստանի նկատմամբ։
Հայաստանը. Հայաստանը կարող էր անմիջապես չեզոքացնել Ադրբեջանի այդ առավելությունը. մայիսի 1-ին իշխանությունը վերցնելու գործողություններ ձեռնարկեցին հայ կոմունիստները (Մայիսյան ապստամբություն)։ Դաշնակցական իշխանությունը այն խեղդվեց արյան մեջ։ Սա ընդդիմացում էր Խորհրդային Ռուսաստանին։ Ի հեճուկս վերեւում բերված ակնհայտ իրողությունների եւ զարգացման միտումների` Հայաստանի իշխանությունը շարունակեց իր հույսը կապած պահել Արեւմուտքի հետ։ Ընդ որում, գտնվել էին արեւմտյան դիվանագետներ, որոնք, թեեւ ոչ պաշտոնապես, սակայն անկեղծորեն հուշել էին, որ թեեւ Հայաստանի հարցը ֆորմալ մնում է Փարիզի կոնֆերանսի օրակարգում, սակայն ճիշտ կլինի, որ նա լեզու գտնի ու լուծումները փնտրի Այսրկովկասի խնդիրները կարգավորող իրական ուժերի` Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ։ Ռուսաստանին հակադրվելուց մի քանի ամիս անց` սեպտեմբերին սկսվեց հայ-թուրքական պատերազմը, ինչը երկու ամիս հետո ավարտվեց Հայաստանի վերջնական կապիտուլյացիայով։ Այդ միջակայքում` օգոստոսի 10-ին, Արեւմուտքը, կատարելով իր ձեւական պարտականությունը, Հայաստանին էր նվիրել Սեւրի շքեղ պայմանագիրը` առանց դրա իրագործման որեւէ իրական երաշխիքի ու լծակի։
Հայի հետին խե՞լք...
Երբ ամեն ինչ ավարտվեց, արտասահման փախած դաշնակցական գործիչները հետ նայեցին կատարվածին, ոմանց եզրահանգումներում իրատեսության ու քաղաքական մտածողության առկայծումներ եղան։ Մասնավորապես` որ ճիշտ կլիներ 1920-ի մայիսին ոչ թե ճնշեին ապստամբությունը, այլ իշխանությունը հանձնեին կոմունիստներին։ Ահա այդպիսի խոսուն մի օրինակ նշանավոր դաշնակցական Շավարշ Թորիկյանից. «Ու երբ հետադարձ ակնարկ մը կը նետենք մեր պատմության վրա, կարելի է, թերեւս ըսել, որ նախատեսելով մեր ճակատագրի անխուսափելի հոլովույթը, ավելի կանուխեն պետք էր համաձայնիլ մեր հյուսիսի դրացիին հետ եւ այսպեսով խուսափիլ 1920 սեպտեմբեր-դեկտեմբեր հայ-թուրքական պատերազմեն եւ Ռուսահայաստանի կարեւոր մեկ մասի կորստեն։ Կամ ըսել, որ պետք էր մեկնիլ քաղաքական իրապաշտութենե, ճանչնալ քեմալական ուժը եւ լեզու գտնել անոր հետ շատ ավելի համեստ սահմանների շուրջ, քան հետագային Ուիլսնյան սահմանները» (Ա. Խատիսյան, Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, 1968, Ներածական, էջ 6-7)։
Իսկ որո՞նք էին այդ «ավելի համեստ», բայց ավելի քան ռեալ սահմանները. Ղարս, Արդահան, Սուրմալու, Նախիջեւան։ Ավելացրած` մի մաս էլ Վանի վիլայեթից, ինչը խնդրում էր Քեմալը, եթե Հայաստանն իր հարցը հաներ Փարիզի կոնֆերանսի օրակարգից։ Դրան էլ ավելացրած` առնվազն Լեռնային Ղարաբաղ եւ Զանգեզուր։ Ասում ենք` առնվազն, քանզի ապահովելու համար հիմնական խնդրի՝ խորհրդայնացման դյուրացումը եւ խուսափելու համար լրացուցիչ բարդություններից, Ռուսաստանի իշխանությունը մի սկզբունք էր որդեգրել. սահմանազատումն անել այնպես, որ հայաբնակ տարածքներն ու բնակավայրերը չհայտնվեն Ադրբեջանի կազմում, ադրբեջանաբնակ տարածքները` Հայաստանի։
Իսկ ի՞նչ արեց 1920-ի իշխանությունը.
Կառչած մնաց Փարիզից, ստացավ Սեւրի շքեղ թուղթը եւ պատերազմ Թուրքիայի դեմ։ Այդ պատերազմում վերջնական կապիտուլյացիայի ենթարկվելուց հետո միայն նա իշխանությունը հանձնեց կոմունիստներին` Ալեքսանդրապոլի ստորացուցիչ պայմանագրով փաթեթավորված։
Այլեւս կորսված էին Ղարսը, Արդահանը, Սուրմալուն ու Վանի մի մասը ստանալու հնարավորությունը։ Բայց դեռ կորսված չէր ամեն ինչ։ 1920թ. նոյեմբերի 29-ին, Հայաստանում խորհրդային իշխանություն հռչակումից անմիջապես հետ, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ այդ առիթով վերացած է համարում սահմանային վեճերը, Լեռնային Ղարաբաղը, Նախիջեւանը եւ Զանգեզուրը ճանաչում է Հայաստանի կազմում։ Հասկանալի է, որ սույն հայտարարությունն իրականում արվում էր Ռուսաստանի կողմից, Թուրքիայի հետ համաձայնեցված, Ադրբեջանի բերանով։ Հասկանալի է նաեւ, որ դրա դիմաց ակնկալվում էր խորհրդայնացումը առանց խոչընդոտների իրականացնելու հնարավորություն։
Սակայն հաջորդ վեց-յոթ ամիսների ընթացքում բոլոր հայկական տարածքներում ծավալվեց ամենաբուռն ընդդիմացում խորհրդայնացման դեմ. Լեռնային Ղարաբաղում` ապստամբություն Թեւանի գլխավորությամբ եւ Հայաստանում` Դաշնակցության փետրվարյան խռովությունը, ինչը ամենավճռորոշ շրջանում Հայաստանը զրկեց ճանաչված իշխանությունից։ Եւ այստեղ հարցը, բնականաբար, այդ ընդդիմացման արդարացիության ու ոչ արդարացիության, պաշտոնապես կամ փաստացի ինչ իշխանություն լինել-չլինելու կամ իռացիոնալ որեւէ այլ հարթության վրա չպետք է դնել կամ փնտրել։ Հարցը պետք է դնել քաղաքական հարթության վրա եւ դատել ստացված հետեւյալ արդյունքներով. նոր հակամարտության այդ ընթացքում ու դրա հետեւանքով հօգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի լուծվեցին Նախիջեւանի եւ Լեռնային Ղարաբաղի հարցերը։
Անդրադարձ
Իսկ այժմ անդրադառնանք կործանարար այս սխալը հետին թվով արձանագրած դաշնակցական գործչի վերոբերյալ մտքի շարունակությանը, որ, բնականաբար, արդարացում է. «Այս բոլորը դյուրին է ըսել այսօր։ Բայց քաղաքական ղեկավարներեն կարելի՞ է սպասել, որ այն նախատեսե անհավանականը, անտրամաբանականը, անիրականը»։ Հակիրճ լինելու համար ասենք միայն, որ, ի տարբերություն Հայաստանում իշխող դաշնակների, նույն այդ «անհավանականը, անտրամաբանականը, անիրականը» ժամանակին եւ ստույգ կարողացան «նախատեսել» Ադրբեջանում իշխող մուսավաթականները, եւ դա փաստ է։ Վկայակոչենք նաեւ Առաջին հանրապետության վարչապետ Հ. Քաջազնունու խոսքը, որ կարծես հենց այդ արդարացման պատասխանն է. «Եթե ճիշտ է, որ կառավարել` ասել է նախատեսել, ապա ուրեմն մենք միանգամայն անպետք կառավարիչներ ենք եղել, որովհետեւ հենց այդ նախատեսելու ընդունակությունն է, որ չենք ունեցել բնավ։ Մենք շարունակ սխալած ենք եղել մեր հաշիվների մեջ եւ շարունակ անակնկալների հանդիպած, անակնկալներ` միայն մեզ համար, որովհետեւ չենք գիտակցել նախատեսել»։
Վտանգը եւ լուծումը
Ո՞րն է վտանգը։ Ինչպես 1920-ին, այնպես էլ հիմա, Այսրկովկասում հարցեր լուծող իրական ուժի (ուժերի) հետ քաղաքական հարաբերություններում Ադրբեջանի դիրքերի առաջանցիկ ամրապնդումն է։ Այդ բանն Ադրբեջանին հաջողվեց 1920-ին, եւ շահեց Նախիջեւանն ու Ղարաբաղը։ Այդ բանը Հայաստանին հաջողվել է անել միայն մեկ անգամ` 1990-ականներին, եւ շահել է Լեռնային Ղարաբաղը։ Այդ բանը չկարողացավ ու չի կարողանում անել Հայաստանն այսօր, եւ հետեւանքները կարող են տխուր լինել։
Ո՞րն է պատճառը։ Իրո՞ք կանխատեսելու ու հաշվարկելու դժվարությունը կամ անկարողությունը։ Այդ դեպքում պետք է ընդունել 1920-ի մուսավաթականների մտավոր գերազանցությունը դաշնակների, եւ այսօր` Ալիեւի մտավոր գերազանցությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Բայց, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, խոսքը ոչ այնքան կանխատեսելու, որքան առկա իրողություններն ու բացահայտ գործընթացները տեսնելուն է վերաբերում։ Ուստիեւ` բոլորովին այլ է պատճառը. պատճառը իշխանության մեջ քաղաքական մտքի բացակայությունն է, քաղաքական էության չգոյությունը, նրա անտիքաղաքական էությունը։ Այլ կերպ անհնար է բացատրել, երբ պարտված իշխանությունը կարող է մտքով անցկացնել «առնել Հանրապետության փողերը եւ փախչել հայդե՜ Փարիզ»։ Այլ կերպ անհնար է բացատրել, որ Նախագահի պաշտոնը մարդու կարողությունը 10 տարվա ընթացքում զրոյից կարող է հասցնել 4 միլիարդ դոլարի, նույն՝ «հանրապետության փողերի» հաշվին։ 1920-ին 180 հազար կմ. քառ. «Սեւր» ստանալու համար չէ, որ դաշնակները «հայրենասիրաբար» մերժեցին 65-70 հազար քառ. կմ-ը։ Ճիշտ նույն կերպ՝ արդեն 10 տարի այս վարչախմբի խնդիրը «հայրենասիրաբար» Ղարաբաղի անկախությանը հասնելը չէ։ Երկու դեպքում էլ նպատակը իշխանություն պահելն է` հանուն դրա հայրենիքը «հայրենասիրաբար» զոհաբերելով։
Ուստիեւ` պատմության իրական դասը թելադրում է այն միակ ելքը, ինչը ձեւակերպեց Հանրապետության Հիմնադիր-նախագահն իր ելույթում. արտահերթ նախագահական, ապա` արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սահմանադրական կարգի եւ օրինական, այսինքն` քաղաքական որակ ունեցող իշխանության հաստատում։ Այլապես կունենանք նույնպիսի կորուստներ, ինչպիսիք ունեցանք 1920-ին։
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.