среда, 22 сентября 2010 г.

Չհնազանդվեցին եւ հաղթեցին

1915թ. սեպտեմբերի 11-ին Միջերկրականի խորքերից Կիլիկիո Սուետիայի ափերին էր մոտենում 4 ռազմանավ: Ցամաքում շուրջ 4000 հայ, հիմնականում կանայք, ծերեր, երեխաներ ցնծությունից լալիս էին. վախճանին էր մոտենում հերոսական ինքնապաշտպանությունը, գոյամարտն ավարտվում էր փրկությամբ, հետեւում էին մնում 40 երկար ու ձիգ օրերը` Մուսա լեռան 40 օրերը:

Ի դեպ, իրականում ինքնապաշտպանությունը տեւել է 36 օր` եթե հաշվենք առաջին ճակատամարտի օրվանից, իսկ եթե լեռը բարձրանալու օրը հաշվարկի սկիզբ ընտրենք` 43: 40 օրը Ֆրանց Վերֆելի գեղարվեստական մտահղացման արդյունքն է. 40 օր Քրիստոսը ճգնեց, 40 օր հրեաները Մովսեսի գլխավորությամբ թափառեցին Սինայի անապատում եւ... Մուսա լեռան 40 օր:

Իսկ ամեն բան սկսվեց այն օրը, երբ Սուետիայի հայությունը, ավելի ստույգ` 6 գյուղերի հայության մի մասը, որոշեց չհնազանդվել տեղահանության մասին թուրքական կառավարության հուլիսի 30-ի կարգադրությանը եւ զենքը ձեռքին պաշտպանվել: Արդյունքում` նրանք չկիսեցին այն շուրջ հազար մուսալեռցիների ճակատագիրը, ովքեր հավատալով Անտիոքի գայմագամ Մարուֆի խոստումներին, իբր` տեղափոխությունը կընթանա խաղաղ, ապահով, պետությունը երաշխավորում է մեկնողների կյանքը, կայքը, եւ Բիթիաս գյուղի քարոզիչ Նոխուդյանի, Քեբուսիեի քահանաներ Մարկոսի, Ներսեսի, Սամսոն աղայի խորհրդով բռնեցին գաղթի ճամփան: Ասել, որ դյուրահավատների մեծ մասը կուլ գնաց անապատին, ավելորդ է...

Բնակչությունը Եսայի Յաղուբյանի, Պետրոս Տլմաքյանի, Տիգրան Անդրեասյանի, Պետրոս Թութագլյանի առաջնորդությամբ զենքով, պարենով, ընտանի կենդանիներով բարձրացավ ռազմական ճամբար ընտրած Մուսա լեռ: Քանի որ մեծաթիվ էին երեխաները, կանայք, եղանակն էլ անձրեւային էր, սարը` անտառապատ, շտապով վրաններ խփեցին, հյուղակներ կանգնեցրին: Ապա սահմանափակ քանակով զենք ու փամփուշտ ունեցող 600 մարտիկները դիրքավորվեցին...

Առաջին ընդհարումը տեղի է ունենում 1915 թ. օգոստոսի 8-ին, երբ թուրք կառավարությունը ապստամբների դեմ է շարժում 200 զինվորականի, համոզված, թե այս սակավաթիվ ուժերով կարող է հարցը արագ լուծել: Թուրքերը տալիս են առաջին զոհերն ու գլխապատառ փախչում:
Հաջորդ բախումը հաջորդ օրն էր` Պաքաճաք կոչվող վայրում: Թուրքերի թիվն այս անգամ 1500 էր, նրանց հետ` 2 լեռնային թնդանոթ: Մերոնք մի փոքր նահանջելով, այնուամենայնիվ ստիպում են թշնամուն կրկին ձեռնունայն վերադառնալ:

Մարտը տեւել էր 12 ժամ, ու վերստին ոչ մի դիրք չեր զիջվել կանոնավոր զինուժին:
Ֆուխրի փաշայի գլխավորությամբ թուրքերը մեծածավալ գրոհի են անցնում սեպտեմբերի 2-ին: Կանոնավոր զորքը 3000 էր, նրանց հետ` 5000-ի հասնող խուժան, ծարավ` պարտվողներին թալանելու ու կանանց, աղջիկներին առեւանգելու:
Ականատեսներից Զորա Իսկենտերյանը այս կռվի մասին կգրի.

«Մեր քաջամարտիկները ժայռերու պես կառչած էին իրենց դիրքերուն, եւ ուխտած էին մեկ թիզ իսկ չզիջիլ թշնամիին` մինչեւ արյան վերջին կաթիլը: Թռուցիկ խումբերը դիրքե դիրք կսուրային` իրենց անվրեպ հարվածներով մշուշներու միջեն գետին փռելով բազմաթիվ թշնամիներ... Վարժ որսորդներ եւ քաջածանոթ Մուսա լեռան յուրաքանչյուր խորշին, անոնց զենքերու անվրեպ հարվածները գետին կտապալեին հարյուրավոր թուրքեր, մինչ թուրքերը կկրակեին ըստ բախտի»:

Երկու օր է տեւում այս ճակատամարտը ու դարձյալ պսակվում հայերի հաղթանակով: Ճիշտ է, թուրքերին հաջողվել էր մի քանի կետում ճեղքել պաշտպանությունը, բայց վերստին հարկադրված էին նահանջել: Հետաքրքիրն այն է, որ ամենալարված պահին, երբ թուրքերը գրեթե մոտեցել էին մուսալեռցիների վրանային ավանին, նրանց գլխին ռումբեր են պայթում, որոնք հեռատես մուսալեռցիները պահել էին դեռեւս 1895 թվականից: Թշնամին նահանջում է` ռազմադաշտում թողնելով ոչ միայն հարյուրավոր զոհեր, այլեւ մեծաքանակ զենք-զինամթերք, ինչի կարիքը պաշարման մեջ գտնվող հերոսները հատկապես ունեին:
Հետագայում կգրվի, որ թուրքերն այս մարտերում տվեցին 1000-ից ավելի զոհ, հայերը` ընդամենը 18: Որքան էլ անհավատալի, բայց պետք է ընդունել, որ իսկապես կենաց ու մահի կռվի ելած, իր հողը, պատիվն ու ընտանիքը պաշտպանող անձը սխրանքներ է գործում: Ցավոք, հեռավոր 1915-ին նման օրինակները քիչ էին, աններելիորեն քիչ:

Մարտավարությունը փոխելով` թշնամին այս անգամ որոշում է պաշարումով սովի մատնել ըմբոստներին, թեեւ լեռան ստորոտում կուտակած ուներ արդեն 15 հազար զինվոր: Ինքնապաշտպանության դիմածները գիտեին, որ վաղ թե ուշ պարենը, զինամթերքը վերջանալու են, եւ վաղապես մտածել էին այդ մասին: Մուսա լեռան գլխին խարույկ էր վառվում, քամին ծածանում էր սպիտակ մեծ պաստառը, վրան կարմիր խաչ ու անգլերեն գրություն` «Քրիստոնյաները վտանգի մեջ են», սահմանված էր մշտական պահակություն: Դաշնակից մարտանավի մոտենալու դեպքում Մովսես Գրըքյանը, որ լավ լողորդ էր, նրանց պիտի հասցներ թիթեղյա տուփում ամփոփված անգլերեն գրությունը:
Սեպտեմբերի 5-ին մոտերքում հայտնված «Գիշեն» ռազմանավը, նկատելով կրակները, մակույկ է ուղարկում ափ: Տեղեկանալով լեռան վրա ապաստան գտածների կացությանը` նավի հրամանատարությունը թնդանոթներն ուղղում է թուրքերի դիրքերի կողմը եւ սկսում ռմբակոծել, ապա հեռանում` խոստանալով վերադառնալ: Հակառակորդն իր հերթին վճռում է այլեւս չհապաղել եւ երկու ժամ ժամանակ է տալիս: Նոր հզոր հարձակմանը հուսավառված մուսալեռցիները պատասխանում են հակագրոհով...

Ու մինչ Մուսա լեռան պաշտպանները շարունակում են դիմակայել թշնամուն, 1915 թվականի սեպտեմբերի 11-ին Սուետիայի ափերին կրկին մոտենում է «Գիշենը», հետը եւս երեք ռազմանավ, որոնցից մեկը «Ժաննա դ՛ Արկ» հածանավն էր: Ֆրանսիական հրամանատարությունը որոշել էր փրկել մուսալեռցիներին: Կան վկայություններ, որ երբ ֆրանսիացի զինվորները տեսել են հայերի սպառազինությունը, մնացել են ուղղակի ապշած: Լաստակներով ու նավակներով առաջինը փոխադրում են վիրավորներին, ամսի 13-ին` վերջին կանանց, երեխաներին, ապա` մարտիկներին: Նրանք, սակայն, չեն կամենում հեռանալ եւ վերստին խնդրում են իրենց զենք, մթերք տալ, որպեսզի շարունակեն կռիվը, բայց հրամկազմը ծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեից հրահանգ ուներ նրանց եւս տարհանել: Պետրոս Տլմաքյանի խնդրանքով ռազմանավերը հրետակոծում են թուրքերի զինանոցներն ու դիրքերը եւ հայերին առած` հեռանում:
Մարտիկների ճնշող մասը, հավատարիմ խոստմանը, հետո մտավ Արեւելյան կամ Հայկական կոչվող լեգեոն` դառնալով նրա միջուկը, 1918-ի սեպտեմբերին մասնակցեց Արարայի ճակատամարտին եւ տալով զոհեր` հասավ Մուսալեռ: Խաղաղ բնակչությունը դաշնակիցների հաղթանակից հետո վերադարձավ Սուետիա` վերականգնելու ավեր տունուտեղը: Ի պատիվ այդ հերոսական օրերի եւ ի հիշատակ ընկածների, Տամալճիք սարի կատարին 1932-ին հուշարձան կանգնեցվեց, բայց... 1939թ., երբ Ալեքսանդրետի սանջակը վերադարձվեց Թուրքիային, նրանք, խուսափելով հալածանքներից, փոխադրվեցին Սիրիա, Լիբանան: Բուն Մուսալեռում մնացին քչերը ու այսօր էլ շարունակում են ապրել: 1940-ին մուսալեռցիները Լիբանանում հիմնադրեցին Այնճար գյուղը, որի 70 ու հերոսամարտի 95-ամյակները շուքով նշվեցին այս տարի: Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո շատ մուսալեռցիներ էլ հանգրվան գտան Հայաստանում` Էջմիածնի շրջանում հիմնելով Մուսալեռ ավանը, ուր եւ ամեն տարի, սեպտեմբերի երրորդ կիրակի օրը, ի հիշատակ բոլոր հերոսների` նշվում է փառապանծ հերոսամարտի տարեդարձը:
Վարդան Օնանյան
http://www.armtimes.com/17210

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.