пятница, 4 июня 2010 г.

Բախում ոստիկանության եւ ընդդիմության միջեւ

Գումարած երեք քաղբանտարկյալ

19:12 Yerevan | 15:12 GMT | Wednesday 2 June 2010
Քրիստինե Խանումյան

Photo by Arman VeziryanԵրեք երիտասարդները մեկուսարանում են

Նախօրեին ձերբակալված «Հայկական ժամանակ» օրաթերթի 21-ամյա լրագրող Անի Գեւորգյանը շարունակում է գտնվել «Աբովյան» ՔԿՀ-ում` նախնական կալանավորվածների համար նախատեսված մեկուսարանում:

Երեկ առավոտյան ժամը 4-ին «Էրեբունի» ժամանակավոր պահման վայր են տեղափոխվել Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանն ու Սարգիս Գեւորգյանը (ով, ի դեպ, Անի Գեւորգյանի եղբայրն է): Վերջիններիս մեղադրանք են առաջադրել խուլիգանության հոդվածով: Այժմ, դատարանը 72 ժամվա ընթացքում պետք է կամ կալանքի սանկցիա տա, կամ էլ 72 ժամ հետո երեք երիտասարդները պետք է ազատ արձակվեն: Իսկ Անի Գեւորգյանին ազատ արձակելու պահանջով երեկ հանդես են եկել հայաստանյան մի շարք հ/կ-ներ: Պահանջում մասնավորապես նշվում է. «2010 թվականի մայիսի 31-ին իր մասնագիտական պարտականությունները կատարելիս բերման է ենթարկվել, ապա եւ ձերբակալվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը: Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», հոդվածի 1-ին մասով: Թե ինչպես է 21-ամյա աղջիկը բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ` անհայտ է մնում: ...Մենք` ներքոստորագրյալներս, հայտարարում ենք. լրագրողների դեմ կիրառվող նման բռնի մեթոդները անընդունելի են ժողովրդավարական հասարակության համար: Հիշեցնում ենք` ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի` «Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ», ՀՀ ՔՕ 164-րդ` «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը», հոդվածի 2-րդ մասը պատիժներ է նախատեսում պաշտոնատար անձանց կողմից նման արարքներ թույլ տալու համար: Պահանջում ենք ՀՀ ոստիկանության ղեկավարությունից անհապաղ ազատ արձակել «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Անի Գեւորգյանին, դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը եւ պատժել իրենց լիազորությունները գերազանցած ոստիկաններին»: Հայտարարության տակ ստորագրել են «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ն, Երեւանի մամուլի ակումբը, ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» հ/կ-ն, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Գորիսի մամուլի ակումբը, Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն:

Ազատության հրապարակում

getImage (5)

Երեկ` երեխաների պաշտպանության տոնն ու քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները նշեցին Սարյանի արձանի հարակից տարածքում` ճերմակ աղավնիներ օդ թռցնելով: «Շնորհավոր», «Պայքար, պայքար մինչեւ վերջ» վանկարկումներով աղավնիները օդ թռցնելուց հետո, մարդիկ սովորականի պես Սարյանի արձանի հարակից տարածքում անցկացրեցին իրենց քաղաքական զբոսանքը: Իսկ Ազատության հրապարակն էլի փակ էր. դեռ ժամեր առաջ հրապարակ էին բերվել բազմաթիվ ոստիկանական մեքենաներ, այդ թվում եւ երեք միկրոավտոբուսներ` ոստիկաններով լցված: Ոստիկանների մի մասը հատել էր նաեւ Մաշտոցի պողոտան եւ դարան մտել Սարյանի արձանի հարակից տարածքում:

getImage (2)

Վերջիններս ակնհայտորեն նախապատրաստվել էին հերթական սադրանքին: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլի ծննդյան օրն է, երեկ Կոնգրեսի ակտիվիստները չգնացին Ազատության հրապարակ` Նիկոլի ծննդյան օրը ոստիկանական սադրանքներով չփչացնելու համար: Կոնգրեսից միայն մի քանի ակտիվիստներ, որոնց մեջ նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին, Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, ՍԴՀԿ Սարգիս Տխրունի ուսանողական միության ատենապետ Գարիկ Մանուկյանը` բազմաթիվ լրագրողների հետ միասին փորձեցին զբոսնել Ազատության հրապարակում: Սակայն ոստիկանները` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի` տխրահռչակ Բազազի գլխավորությամբ, փակեցին նրանց ճանապարհը: Որքան էլ Վլադիմիր Կարապետյանը Բազազին փորձում էր օրենք հասկացնել եւ բացատրել, որ ի պաշտոնե օրենքի պաշտպան հանդիսացող անձը ապօրինի գործողություններ է կատարում, Բազազն ու յուր ենթակաները անդրդվելի էին: Ազատության հրապարակի բոլոր մուտքերի մոտ ոստիկանները շղթա էին կազմել` արգելելով ոչ միայն Կոնգրեսի ակտիվիստների մուտքը հրապարակ, այլ նաեւ մյուս քաղաքացիների: Արգելքի չէին հանդիպում միայն նրանք, ովքեր դուրս էին գալիս հրապարակից եւ մեկ էլ նրանք, ովքեր ավելի հաստափոր ու հաստավիզ էին, քան տեղում կանգնած ոստիկաններն ու կարմիր բերետավորները: Ու մինչ Կոնգրեսի ակտիվիստները փորձում էին Ազատության հրապարակի տարբեր մուտքերից մտնել ներս եւ հանդիպում էին ոստիկանների դիմադրությանը, Վարդգես Գասպարին մարդու իրավունքների ոտնահարման դեմ իր փոքրիկ պաստառը ձեռքին կանգնել էր ոստիկաններին դեմ-հանդիման` առանց տեղից շարժվելու: Ու թեեւ Գասպարին եւս հնարավորություն չունեցավ մտնել Ազատության հրապարակ, սակայն փոխարենը վեր պարզած պաստառը գրավել էր անցորդների ուշադրությունը, եւ բոլորը հերթով մոտենում էին Գասպարիին` փորձելով պարզել, թե ինչի դեմ է իր բողոքն արտահայտում այդ քաղաքացին: Իսկ քաղաքացիների մի մասն էլ, որոնց ոստիկանական համազգեստավորները արգելում էին մուտք գործել հրապարակ, իրենք էին բանավեճի մեջ մտնում ոստիկանների հետ` բողոքելով, թե «էս ի՞նչ ապօրինի, անօրինական երկիր է»: Գասպարին եւ մյուս ակտիվիստները, Ազատության հրապարակի մոտ անցկացրած ակցիայից հետո, նորից վերադարձան Սարյանի արձանի հարակից տարածք, որտեղ բազմաթիվ մարդիկ շարունակում էին իրենց քաղաքական զբոսանքը: Զբոսանքը, ի դեպ, սովորականի նման տեւեց մինչեւ երեկոյան ժամը 21-ը, ինչից հետո մարդիկ սկսեցին հանգիստ ցրվել: Սարյանի արձանի հարակից տարածքում դարան մտած ոստիկաններն ու ակտիվիստների շարքերում քայլող քաղաքացիական հագուստով ԱԱԾ-ականները երեկ, փաստորեն, մնացին անգործ:

getImage (4)

http://www.zhamanak.com/article/15248/

 

Հունիսի 1–ին ոստիկանները ընդդիմադիրներին արգելում էին ոչ միայն մոտենալ Օպերայի հրապարակին, այլեւ մտնել հարակից սրճարաններ։

 

Ազատության հրապարակը մնում է անազատ

18:40 Yerevan | 14:40 GMT | Tuesday 1 June 2010

Քրիստինե Խանումյան

28.05 (3)

Չնայած Ազատության հրապարակը պաշտոնապես բացվել է, սակայն այն շարունակվում է փակ մնալ ընդդիմության ակտիվիստների համար:

28.05 (7)

Այդ իրողությունը ապացուցվեց մայիսի 28-ին, երբ ընդդիմության մի քանի տասնյակ ակտիվիստներ փորձեցին մուտք գործել հրապարակ` իրականացնելու նախապես հայտարարված նստացույցը` քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Առաջին օրը ակցիայի կազմակերպիչ Վարդգես Գասպարիին եւ Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվստներին ոստիկանների հետ երկար վիճաբանությունից եւ հրշմտոցից հետո, այնուամենայնիվ, հաջողվել էր մուտք գործել Ազատության հրապարակ եւ անցկացնել նախազգուշական նստացույցը: Շաբաթ օրը ոստիկանները, որոնց մի մասն, ի դեպ, քաղաքացիական հագուստով էին եւ անգամ չէին էլ ներկայանում, ակցիայի սկսելուց առաջ օղակել էին Ազատության հրապարակը, եւ երբ Գասպարին ու երիտասարդները փորձել են մտնել հրապարակ` հայհոյանքներով եւ քաշքշելով դուրս են հանել վերջիններիս, իսկ Վարդգես Գասպարիին էլ բերման էին ենթարկել ոստիկանություն եւ որոշ ժամանակ այնտեղ պահելուց հետո ազատ էին արձակել: Կրքերը թեժացան կիրակի օրը. ոստիկանները ավելի լկտի եւ ցինիկ պահվածքով հարձակվել էին ընդդիմության ակտիվիստների վրա եւ այս անգամ արդեն ոստիկանություն տարել մի քանիսին. երիտասարդ ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանին, Վահագն Գեւորգյանին, Սերգեյ Գասպարյանին, ինչպես նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանին: Ավելի քան երեք ժամ կենտրոնի ոստիկանությունում պահվելուց հետո, երիտասարդները եւ Կարապետյանը ազատ են արձակվել: Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց Վլադիմիր Կարապետյանը` նրանց փորձել են մեղադրել ապօրինի զանգվածային միջոցառում կազմակերպելու եւ կոչեր անելու մեջ, եւ դա չնայած այն բանին, որ անզեն աչքով էլ երեւում էր, որ Ազատության հրապարակում եղած ակտիվիստների թիվը չի գերազանցում 100-ը, այսինքն` ակցիան ինքնին զանգվածային չէր, հետեւաբար օրենքով դրա համար թույլտվություն ստանալու կարիք չկար:

getImage (16)

31_final.avi_000048520

Ոստիկաններն իրենց լկտիության գագաթնակետին հասան երեկ: Այն ժամանակ, երբ Սարյանի արձանի հարակից տարածքում ընդդիմադիր ակտիվիստները սկսել էին իրենց ամենօրյա քաղաքական զբոսանքը, ընդդիմության մի քանի ակտիվիստներ` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, փորձեցին մտնել Ազատության հրապարակ: Ոստիկանները, սակայն, Լյուդմիլա Սարգսյանին եւ նրանց հետ եղած ակտիվիստներին հրելով նստեցրեցին ոստիկանական մեքենան եւ տարան ոստիկանության կենտրոնի բաժին: Սակայն դրանից հետո ոստիկանները ավելի ագրեսիվացան եւ շղթա կազմած մյուս ակտիվիստներին սկսեցին հրել դեպի Սարյանի արձանի հարակից տարածք, որտեղ էլ արդեն ծեծուջարդ հրահրեցին: Արդյունքում 17 քաղաքացիների, այդ թվում 3 երիտասարդ աղջիկ լրագրողների տարան ոստիկանության կենտրոնի բաժին.

28.05

Վարդգես Գասպարի, Դավիթ Քիրամիջյան, Բագրատ Ազնավուրյան, Սարգիս եւ Արեգ Գեւորգյաններ, «Հայկական ժամանակի» լրագրողներ Անի Գեւորգյան եւ Սյուզաննա Պողոսյան, «Հայք» թերթի լրագրող Լիլիթ Թադեւոսյան, Լյուդմիլա Սարգսյան, Գարիկ Մանուկյան, Անահիտ Մեսրոպյան, Սերգեյ Գասպարյան, Վահագն Գեւորգյան, Տիգրան Առաքելյան, Սերգեյ Դավթյան, Սվետլանա... (ազգանունը ճշտված չէ), Նարեկ Այվազյան: Այդ ընթացքում ոստիկանության մոտ սկսեցին հավաքվել ընդդիմության ակտիվիստները, ովքեր պահանջում էին ազատ արձակել բոլորին: Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանները պահանջեցին ակտիվիստներին ազատել տարածքը: Ակտիվիստները չենթարկվեցին ոստիկանների պահանջներին, ինչի արդյունքում ոստիկանները շղթա կազմած սկսեցին մարդկանց հրել: Մի քանի անգամ տեւած հրմշտոցի արդյունքում մարդիկ ի վերջո հայտնվեցին ոստիկանության բաժանմունքից ավելի քան 200 մետր հեռավորության վրա: Ժամը 21-ի սահմաններում սկսեցին ազատ արձակել բերման ենթարկվածներին: Ժամը 01-ի սահմաններում դեռեւս շարունակվում էին ոստիկանությունում պահվել Դավիթ Քիրամիջյանն ու Սարգիս Գեւորգյանը: Իսկ 22-ամյա Անի Գեւորգյանին, ինչպես պարզվեց կեսգիշերին մոտ, մեղադրանք էին առաջադրել 316/1 հոդվածով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, եւ տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ նախնական կալանավորվածների համար նախատեսված մեկուսարան:

http://www.zhamanak.com/article/15231/

«Ես վաղը ժամը 6-ին գալու եմ»

Երկու տարվա ընդմիջումից հետո Ազատության հրապարակում կրկին հնչեցին Ազատության երգերը եւ «Ազատություն», «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումները: Հնչեց նաեւ Նիկոլ Փաշինյանի «1+1+1…» կարգախոսը:

Դա էր պատճառը, որ ոստիկանի համազգեստ կրող անձանց վերջին 4 օրերի ապօրինի գործողությունները հատկապես երեկ հասան իրենց գագաթնակետին. Ազատության հրապարակ քաղաքացիների մուտքը արգելելու համար` ոստիկանները եւ նրանց օգնող քաղաքացիական հագուստով ինչ-որ անձինք բերման ենթարկեցին 17 քաղաքացու, այդ թվում ՍԴՀԿ ատենապետ Լյումիլա Սարգսյանին եւ երեք լրագրողի: Ոստիկանների այդ ապօրինությունները սկսվել էին դեռ ուրբաթ օրվանից, երբ նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին նորաբաց Ազատության հրապարակում որոշեց, իր խոսքերով` «ոգեկոչել Նիկոլ Փաշինյանի «1+...» շարժումը» եւ Ազատության հրապարակում ամեն օր 2 ժամ` 18.00-ից մինչեւ 20.00-ը անցկացնել նստացույց` քաղբանտարկյալների ազատության, «Ա1+» անկախ հեռուստաընկերության վերաբացման, ոստիկանությունում, բանակում ապօրինությունները դադարեցնելու պահանջով: Ուրբաթ օրը ընդամենը մի քանի երիտասարդներ էին միացել Գասպարիին, ոստիկանները` հասարակությանը հայտնի իրենց մականունավոր ղեկավարների` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի` Բազազի, ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպովի հրահանգներով հարձակվեցին մեկ տասնյակից էլ քիչ քաղաքացիների վրա եւ սկսեցին նրանց հրելով դուրս հանել Ազատության հրապարակից: Ի պատասխան ոստիկանների ապօրինի գործողությունների` Գասպարին եւ երիտասարդները նստեցին եւ սկսեցին վանկարկել «Ազատություն»: Նստացույցը շարունակվեց 2 ժամ, ինչպես նախատեսված էր, ապա Գասպարին երիտասարդներին ասաց. «Էն օրը, որ բանտից դուրս եմ եկել, ասել եմ, եթե ես ազատության մեջ եմ, դրա համար պարտք ու պարտական եմ միայն ու միայն ձեզ եւ ես գտնում եմ, որ մեր մյուս քաղբանտարկյալները, առավել եւս` Նիկոլ Փաշինյանը արժանի են մեր համակրանքին եւ սիրուն, մենք դա պետք է արտահայտենք: Ես վաղը նույնպես ժամը 6-ից 8-ը այստեղ նստացույց եմ անելու»:

Շաբաթ օրը, ժամը 18.00-ի սահմաներում, Ազատության հրապարակը արդեն ամբողջությամբ շրջափակված էր քաղաքացիական հագուստով ինչ-որ անձանց կողմից, որոնց հրահանգներ էր տալիս ՊՊԾ գնդի հրամանատարությունը: Դեռ հրապարակի մուտքի մոտ այդ անձինք սկսեցին հրել եւ քաշքշել երիտասարդներին, որոնք պահանջեցին իրենց ներկայացնել օրենքի այն կետը, որի համաձայն իրենք չեն կարող զբոսնել Ազատության հրապարակում: Հետաքրքիր է, թե ինչպես էին մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ոտնահարումը բացատրում ոստիկանները. ՊՊԾ գնդի ներկայացուցիչներից Վարդան Գեւորգյանը Կոնգրեսի արտաքին հարաբերությւոների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանին ասաց, որ «լքեն Օպերան, քանի որ շատանում են»: «Մի հատ նայի հետեւդ, տես ինչքան մարդ ա հավաքվել»,- մի քանի տասնյակ մարդկանց ներկայությունից բորբոքված ասում էր Գեւորգյանը: Ոստիկանները Գասպարիին բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնի բաժին եւ 3 ժամ այնտեղ պահելուց հետո, առանց բացատրություն տալու ազատ արձակեցին: Կիրակի օրը Գասպարիին բերման ենթարկեցին դեռ այն ժամանակ, երբ չէր հասցրել սկսել իր նստացույցը: Ավելի ուշ ոստիկանները բերման ենթարկեցին եւս 5 հոգու` այդ թվում ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանին: 3 ժամ անց բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին: Իսկ ահա երեկ ոստիկանները չէին էլ սպասել, որ ակցիան սկսվի: Մաշտոցի պողոտան դեպի Օպերա հատելիս բերման էին ենթարկել երիտասարդ ակտիվիստներ Վահագն Գեւորգյանին, Յուրի Նիկողոսյանին, Սերգեյ Գասպարյանին, Տիգրան Առաքելյանին, ապա` Վարդգես Գասպարիին: Այնուհետեւ բերման ենթարկվեցին ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ՍԴՀԿ անդամ Գարիկ Մանուկյանը, երկու լրագրող: Սարյանի արձանի մոտ ոստիկանների եւ քաղաքացիական հագուստով անձանց հրահրած հրմշտոցի արդյունքում ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկվեցին եւս մեկ լրագրող, ընդդիմադիր ակտիվիստներ Սվետլանա Միքայելյանը, Անահիտ Մեսրոպյանը, Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, Արեգ Գեւորգյանը, Նարեկ Այվազյանը, Բագրատ Ազնաուրյանը: Ոստիկանության կենտրոնի բաժնում ազատազրկվածները Լյուդմիլա Սարգսյանի առաջարկությամբ միահամուռ որոշեցին իրենց ազատազրկումը նվիրել Նիկոլ Փաշինյանի ծննդյան 35-ամյակին, որը լրանում է այսօր` հունիսի 1-ին: Բերման ենթարկվածները 3 ժամ ոստիկանսւթյունում պահվելուց հետո ազատ արձակվեցին` բացառությամբ 3-ի: Կենտրոնի բաժնում ոչ պրոֆեսիոնալ ինչ-որ օպերներ եւ նրանց գերպրոֆեսիոնալ ղեկավարները` Դավթյան, Ամիրխանյան, մի կերպ արձանագրություն կազմեցին այն մասին, թե ինչու են բերման ենթարկել քաղաքացիներին: Բոլորի ազատազրկման հիմնավորումը նույնն էր` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադելու կասկածանք»: «Ես վաղը ժամը 6-ին գալու եմ»,- ոստիկանության շենքից դուրս գալով` ոստիկաներին տեղեկացրեց Վ. Գասպարին: Նույն ոգով ոստիկանությունից դուրս եկան նաեւ մյուսները: Ի դեպ, ոստիկանության մոտ հավաքված բազմությանը ոստիկանները փորձել էին ցրել, ինչը, սակայն, չէր ստացվել: Ինչպես տեղեկացանք փաստաբան Լուսինե Սահակյանից, բերման ենթարկված «ՀԺ» լրագրող Անի Գեւորգյանին ձերբակալել էին ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա, ով ասել էր, թե իբր ինքը ցավ է զգացել Գեւորգյանի հարվածից:

Երեկ ոստիկանություն հարցում էինք ուղարկել` պարզելու համար, ի՞նչ հիմքով են քաղաքացիներին արգելում զբոսնել Ազատության հրապարակում, եւ ովքե՞ր են քաղաքացիական հագուստով այն անձինք, որ բռնություն են գործադրում քաղաքացիների նկատմամբ: Մեր հարցման պատասխանը ոստիկանությունից այդպես էլ չստացանք, հեռախոսով խոստացան պատասխանել, «երբ պատասխան լինի»: Ավելին, ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերի ապօրինությունների հետ կապված ոստիկանությունը զավեշտալի հաղորդագրություն տարածեց: «Մայիսի 29-ին, ժամը 18.37-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Ս. Ա.-ն զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը, ժամը 18.15-ին, Ազատության հրապարակում` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր մուտքի մոտ, նկատելով գետնին պառկած մի տղամարդու` 1957թ. ծնված Վարդգես Գ.-ին, մոտեցել է նրան եւ պահանջել կանգնել, սակայն վերջինս չի ենթարկվել իր օրինական պահանջներին, ոստիկանների հասցեին տվել է հայհոյանքներ եւ անպարկեշտ ձեւով ստորացրել իր պատիվն ու արժանապատվությունը: Կատարվում է հետաքննություն», «Մայիսի 30-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Ազատության հրապարակից բերման են ենթարկել 1969թ. ծնված Վլադիմիր Կ.-ին, որը նույն օրը, ժամը 20.00-ին, Ազատության հրապարակում կոչեր է արել քաղաքացիներին` կազմակերպել եւ անցկացնել չարտոնված հրապարակային միջոցառում: Կատարվում է հետաքննություն» եւ այլն: Նշենք նաեւ, որ ըստ բերման ենթարկվածների, Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը նրանց ոչ պաշտոնապես ասել էր, որ չգնան Ազատության հրապարակ, քանի որ հստակ որոշում կա ամեն գնով ընդդիմությանը չթողնել այնտեղ: Նշենք նաեւ, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն, թե վերոնշյալ որոշումը եւ թե հրահանգը անմիջապես Սերժ Սարգսյանից է: Երեկ փորձեցինք այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ ՀՀԿ-ից, միեւնույն ժամանակ տեղի ունեցողի հետ կապված իմանալ նրանց կարծիքը: Մոտ մեկ տասնյակ ՀՀԿ-ականեր ուղղակի չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին, պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ ասաց, թե այդ ամենից անտեղյակ է:  

Երեկ տեղի ունեցածի հետ կապված մեր հարցմանն ի պատասխան ոչ պակաս զավեշտալի հաղորդագրություն տարածեց նաեւ օմբուդսմենի գրասենյակը. «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ հասարակական կարգը խախտող գործողություններից, պահպանել եւ հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը: ՀՀ ՄԻ պաշտպանը կոչ է անում ՀՀ Ոստիկանության մարմիններին հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելիս խստագույնս պահպանել օրենքի պահանջները, ղեկավարվել համաչափության սկզբունքով՝ զերծ մնալով անձի՝ խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքի անհարկի սահմանափակումներից, հիմք ընդունել միայն անհերքելի եւ հիմնավոր փաստերը, որոնց առկայության պարագայում միջամտությունն անձի՝ խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքի իրականացմանը  կարող է համարվել արդարացված»: Ոստիկանության ապօրինությունները մեկնաբանելով` երեկ մեզ հետ զրույցում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասաց. «Ի՞նչ է կատարվածը. ընդամենը մի քանի քաղաքացի որոշել են նստացույց անել Ազատության հրապարակում: Իշխանությունները այնքան վախեցած են դրանից, իրենց պատկերացումով երեւի ազատության հրապարակը Ստալինինգրադի նման մի բան է, որ գնում են այսպիսի ջղաձգումների, գնում են աննախադեպ հալածանքների, արդեն լրագրողների են ձերբակալում, կուսակցապետին: Սա նշանակում է Ս. Սարգսյանի վարչախմբի ծրագրի տապալում. նրանք մտածում էին, որ փորելով Ազատության հրապարակը, 2 տարի ձգձգելով այդ շինարարությունը` նրանք հասնելու են մի վիճակի, երբ շարժումը մարելու է, որից հետո կբացեն Ազատության հրապարակը որպես կայունության խորհրդանիշ: Սա պարզ ցույց է տալիս, որ էդ ամբողջ էժանագին ու փոքրոգի մարտավարությոնից հետո էլ նրանք պարտվել են: Այս ռեժիմը շարունակում է մնալ ոստիկանական, նրանք կարող են իշխել միայն օկուպացնելով սեփական քաղաքը»:

http://www.armtimes.com/ru/node/9512
Ապարտեիդ ՀԱԿ-ի նկատմամբ կամ վերադարձ բրեժնեվյան ժամանակներին

Արդեն երրորդ օրն է՝ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդներն ու ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին Ազատության հրապարակում՝ Թումանյանի արձանի հարեւանությամբ, փորձում են բողոքի ակցիա կազմակերպել, սակայն ոստիկաններն ամեն կերպ խոչընդոտում են նրանց: Հիշեցնենք, որ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու հետ կապված՝ Ազատության հրապարակը 2008-ի աշնանից փակ էր եւ վերաբացվել է օրերս: Դեռ մայիսի 28-ին ընդդիմադիրներն Ազատության հրապարակում, ի պաշտպանություն քաղբանտարկյալների եւ մարդու իրավունքների, նստացույց էին կազմակերպել "Բողոք ընդդեմ մարդու իրավունքների ոտնահարման", "Դադարեցնել խոշտանգումները բանակում, կալանավայրերում, քաղբանտարկյալների նկատմամբ", "Կատարել ԵԴ վճիռը, բացել "Ա1+"-ը" գրառումներով պաստառներով: Ինչպես սովորաբար Հայաստանում լինում է նման ակցիաների ժամանակ, այս անգամ էլ ոստիկանությունն օգտագործել է հասարակական ակտիվության ցանկացած դրսեւորում ճնշելու իր հարուստ փորձը՝ հրել ու քաշքշել ակցիայի մասնակիցներին, փորձել խանգարել վերջիններիս՝ պատճառաբանելով, թե հասարակական կարգ են խանգարում: Մայիսի 28-ին նստացույցն այնուամենայնիվ տեղի է ունեցել: Ազատության հրապարակը մարդաշատ է եղել նաեւ մայիսի 29-ի երեկոյան: Ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցներն ու կարմիրբերետավորները, ինչպես նաեւ քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք փորձված մեթոդով գործել են նաեւ այդ օրը: Նախ, փակել են Ազատության հրապարակ տանող մուտքը, ապա ակցիայի մասնակիցներին ուժով հեռացրել հրապարակից, իսկ Վարդգես Գասպարին տարվել է Կենտրոնի ոստիկանություն, 3 ժամ պահվելուց հետո բաց թողնվել: "Քաղաքացիական հագուստով անձինք եւ ոստիկաններն արգելեցին հրապարակ մուտք գործել,  մարդկանց հրում էին, որ հետ գնան, եւ, բնականաբար, ես հետ չեմ գնում, իմ ոտքերն իրենց տեղն են: Իրենց հրելուց ես վայր ընկա ու էդպես էլ պառկած մնացի, ու իրենք ինձ հենց էդպես էլ վերցրեցին, տարան ոստիկանություն",-պատմում է Վարդգես Գասպարին: Նրա խոսքով՝ իրեն մեղադրանք է առաջադրվել, թե դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին: Մայիսի 30-ին էլ Ազատության հրապարակում ակցիա անցկացնելու փորձ է եղել: Տարածքը հսկող "հասարակական կարգ պահպանողներն" այդ անգամ էլ, Վարդգես Գասպարիից բացի, եւս 5 երիտասարդների են բերման ենթարկել (ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին, Վահագն Գեւորգյանին, Սերգեյ Կարապետյանին եւ ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանին): Վարդգես Գասպարիի խոսքով՝ իրեն ներկայացվել է մի արձանագրություն, որտեղ գրված է եղել, որ ինքը հոգեխանգարմունք է ստացել, եւ ոստիկանության աշխատողները, նկատելով գետնին պառկած եւ անկանոն շարժումներ անող ինչ-որ անձնավորության, փորձել են կարգի հրավիրել, ինքն էլ իբր զազրախոսել ու վիրավորել է ոստիկաններին, ինչի համար նրան բերման են ենթարկել: "Իրավապաշտպանին հոգեխանգարված ներկայացնելը դա բրեժնեւյան ժամանակվա մեթոդ է, եւ համենայնդեպս ես թույլ չեմ տա, որ մենք մինչեւ բրեժնեւյան ժամանակներ հետ գնանք",-ասաց Գասպարին՝ հավելելով, որ ոստիկանների գործողություններն իր նկատմամբ հանցագործություն են, եւ ինքն այդ մասին հաղորդում է պատրաստում: "Կատարյալ ապօրինություն, արհամարհանք Սահմանադրության, օրենքների պահանջների նկատմամբ",-ՀԱԿ արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանն էլ այսպես բնորոշեց ոստիկանների գործողությունները մայիսի 28-30-ին: Նա ասաց, որ ոստիկանության բաժանմունքում իրեն ներկայացվել է մի փաստաթուղթ, որտեղ նշված է, թե ինքը կասկածվում է զանգվածային ապօրինի միջոցառմանը մասնակցելու մեջ, այն դեպքում, երբ ակցիայի մասնակիցների թիվը հազիվ 15-20 հոգի է եղել, այսինքն՝ միջոցառում ասվածը հեռու է եղել զանգվածային լինելուց: Շուրջ երեք ժամ ոստիկանությունում պահվելուց հետո բերման ենթարկվածները կրկին ազատ են արձակվել: "Սա ինչ-որ նոր երեւույթ է, որովհետեւ ոչ բոլորին են արգելում մուտք գործել Ազատության հրապարակ: Սա յուրահատուկ ապարտեիդի դրսեւորում է, այսինքն մարդու աչքերի մեջ են նայում ու որոշում են՝ էս մարդուն թողե՞նք, թե՞ ոչ",-նշեց ՀԱԿ արտաքին կապերի համակարգողը: Ազատության հրապարակին հարող տարածքում ակցիայի մասնակիցներ-ոստիկանություն դիմադրությունն իր գագաթնակետին հասավ երեկ երեկոյան: Ընդդիմության ակտիվիստները 18:00-ին, նախատեսվածի պես, կրկին հավաքվել էին նստացույց անելու: Համազգեստավոր ու քաղաքացիական հագուստով կարգ պահպանողներն արգելեցին ակցիայի մասնակիցներին մոտենալ Ազատության հրապարակին: Արդեն սովորական դարձած հրմշտոց սկսվեց: Օպերայի մոտակայքում ոստիկանության աշխատակիցները սկսեցին "կասկածելիների" որսը: Նախ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ու ՍԴՀԿ երիտթեւի նախագահ Գարիկ Մանուկյանը,

այնուհետ՝ ակցիան լուսաբանող "Հայքի" լրագրող Լիլիթ Թադեւոսյանին, "Հայկական ժամանակի" լրագրողներ Սյուզաննա Պողոսյանին եւ Անի Գեւորգյանին ու պաստառը ձեռքին կանգնած Վարդգես Գասպարիին ոստիկանական մեքենաներով տեղափոխեցին բաժին: Պատահական անցորդներից մի տարեց կին, տեսնելով այդ վայրենությունը, բացականչեց. "Այ քեզ բան... սա բռնապետություն ա, ուրիշ ոչ մի բան, մարդը իրա համար կանգնած ա, բրթին-գցին ու տարան": Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը լրագրողների այն հարցին, թե ինչու են ոստիկանություն տեղափոխում մարդկանց, պատասխանեց. "Նախորդ օրը ոստիկանությանը դիմադրություն են ցույց տվել,  եւ բոլորը մեր մոտ կասկածվում են, եւ բոլորին հրավիրում ենք ոստիկանության բաժին՝ պարզաբանում մտցնելու, թե ով կարող է այդ հանցագործությունը կատարած լինի": Ազատության հրապարակին հարող տարածքից ՀԱԿ երիտասարդները բռնի ուժով դեպի Սարյանի այգի քշվեցին: Առաջացած քաշքշուկն ու հրմշտոցն ուղեկցվում էին փոխադարձ անվայելուչ արտահայտություններով ու հայհոյանքներով, ինչպես ասում են՝ շունը տիրոջը չէր ճանաչում: "Ճանապարհին՝ անցնելիս, մեզ ոստիկանության աշխատակիցներն ու կարմիրբերետավորները խփեցին: Ես աշխատանքից ժամը 6-ին տղայիս հետ քայլելով տուն էի գնում, մենք ոչ էլ մտնում էինք Սարյանի այգի, Պրոսպեկտով բարձրանում էինք, որ նստենք 17 համարն ու գնանք տուն: Հարձակվեցին, տղայիս գցեցին ցեխերի մեջ, քշեցին-ծեծեցին՝ քացով գլխին, մեջքին, որտեղ ասես, ինձ նույնպես խփեցին-ջարդեցին, որդուս դրեցին ոստիկանական մեքենան ու տարան: Այ, նայեք, ահա հայ կինը",-իր ու որդու հետ կատարվածը պատմեց պատահական անցորդ մի տիկին՝ ցույց տալով իր պատռված զուգագուլպան ու որդու վերնաշապիկը՝ դարձյալ պատռված: "Հերթական անգամ մենք ականատես դարձանք, որ սա ոստիկանական պետություն է, որտեղ ոստիկանապետի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը ոչինչ չարժեն, այսինքն իրենք կարող են մեկ բան ասել, բայց իրական կյանքն այն է, ինչ տեսանք՝ բռնությամբ, ծեծով-ջարդով դուրս մղեցին երիտասարդներին եւ սովորական քաղաքացիներին, որոնք պարզապես դուրս էին եկել զբոսնելու Ազատության հրապարակում: Ամենաահավորը էն է, որ մենք չունենք բացատրություն ոստիկանության կողմից",-Սարյանի այգում տեղի ունեցածի մասին ասաց Վլադիմիր Կարապետյանը: Սարյանի այգուց ՀԱԿ ակտիվիստները երթով շարժվեցին դեպի Կենտրոնի ոստիկանություն՝ համերաշխություն հայտնելու անազատության մեջ գտնվող իրենց ընկերներին: Ոստիկանության բակում ակցիայի մասնակիցները երգում էին, վանկարկում՝ "պայքար, պայքար մինչեւ վերջ", "մենք ստրուկ չենք": Որոշ ժամանակ անց նրանց այստեղից էլ են ցրել՝ մոտ 100 մետր հեռավորության վրա: Իսկ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկվածների շահերի ներկայացուցիչ փաստաբաններին ներս չէին թողել՝ առանց որեւէ հիմնավորման: "Ոչ մի հիմք չեն ասում, ասում են՝ 5-10 րոպեից",-մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Հովսեփյանը, որը ժամը 6:30-ից սպասում էր ոստիկանության բակում: Կենտրոնի ոստիկանություն տեղափոխվածների թիվը երեկ երեկոյան 16-ն է եղել: Ակտիվիստները մինչեւ ուշ երեկո սպասել են, մինչեւ բերման ենթարկվածներին ազատ արձակեն:  Ժամը 21:30-22:00-ի դրությամբ նրանց մեծ մասն արդեն ազատ էր արձակվել: "Հայկական ժամանակի" լրագրող Սյուզաննա Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց բերման են ենթարկել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կասկածանքով: Այդ մասին արձանագրություն է կազմվել: "Մենք հրաժարվել ենք որեւէ բացատրություն ստորագրել, որովհետեւ մեզ ապօրինի են բերման ենթարկել, մենք մեր մասնագիտական պարտականություններն էինք կատարում՝ ձայնագրում էինք այն լկտիությունները, որ կիրառում էին ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի ու ՍԴՀԿ երիտթեւի նախագահ Գարիկ Մանուկյանի նկատմամբ",-պատմեց լրագրողը:

http://www.hraparak.am/hodvac.php?h_id=5142

Ծեծեցին եւ բերման ենթարկեցին

Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին, որն արդեն 3 օր է նստացույց է կազմակերպում Ազատության հրապարակում, այսօր նույնիսկ չհասցրեց մտնել հրապարակ: Ոստիկանները, շղթա կազմած, նրան, ինչպես նաեւ Հայ ազգային կոնգրեսի մյուս անդամներին ուժի կիրառմամբ դուրս արեցին Ազատության հրապարակում: Դիմադրողներն արժանացան բռնության` անկախ իրենց սեռից եւ տարիքից:

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին Ազատության հրապարակում ոստիկանները հրելով մտցրեցին ոստիկանության մեքենան`նույնիսկ ուշադրություն չդարձնելով, որ նրա ձեռքը մնաց մեքենայի դռան արանքում:

ՀԱԿ-ի անդամների եւ համակիրների նկատմամբ բռնությունները շարունակվեցին Սարյանի արձանի հարակից տարածքում: «Առաջ» հրամանից հետո ոստիկանության աշխատակիցները շրջափակեցին Սարյանի արձանի հարակից տարածքը եւ սկսեցին բերման ենթարկել ՀԱԿ-ի անդամներին:
Ոստիկաններ այսօր բերման ենթարկեցին միանգամից 3 իգական սեռի լրագրող` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողներ Սյուզի Պողոսյանին ու Անի Գեւորգյանին, իսկ «Հայք»-ից` Լիլիթ Թադեւոսյանին: Ոստիկանները լրագրողներին ուղղակի նետեցին մեքենաների մեջ: Բերման ենթարկեցին նաեւ ՀԱԿ-ի համակիր, թարգմանչուհի Անահիտ Մեսրոպյանին: Ըստ երեւույթի ոստիկանները նրան բերման էին ենթարկում ճանաչելով, քանի որ նրա ձեռքերից բռնած քաշում էին եւ ասում. «Է՞լի կթարգմանես»:

«Սա ոստիկանական պետություն է, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքը ոչինչ է: Այսօր նրանք ծեծուջարդով դուրս հանեցին զբոսանքի դուրս եկած ՀՀ քաղաքացիներին: Կանանց հետ նրանց վարվելակերպը ցույց է տալիս նրանց մակարդակը: Երեւի այդ ոստիկանները, նրանց ղեկավարները կանանց հետ վարվելու նման դաստիարակություն են ստացել»,- «Ա1+»-ին ասաց ՀԱԿ-ի կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Մինչեւ ոստիկանության մեքենաներ հասցնելը` ծեծի ենթարկեցին Հայ ազգային կոնգրեսի մի շարք երիտասարդների: Ոստիկանները քաշքշելով պատռում էին նրանց հագուստը, նրանց պառկեցնում էին գետնին եւ հետո վազեցնում դեպի մեքենաներ:

Այսօր ոստիկանները բերման ենթարկեցին 13 քաղաքացու:

ՀԱԿ-ի ակտիվիստներին բերման ենթարկելուց հետո, ոստիկանների թիվը Սարյանի արձանի հարակից տարածքում նվազեց:

ՀԱԿ-ի անդամները երթով Սարյանի արձանի մոտից շարժվեցին դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ պահվում են բերման ենթարկվածները: Դատարանի բակում Կոնգրեսի անդամները վանկարկում էին «Ազատություն», «Պայքար, պայքար մինչև վերջ» եւ երգում ազգային-ազատագրական երգեր: Բերման ենթարկվածներին 3 ժամ հետո կամ պետք է ազատ արձակեն, կամ մեղադրանք առաջադրեն:

Ժամը 21.30-ի սահմաններում բերման ենթարկվածները ազատ չարձակվեցին եւ հենց Ոստիկանության Կենտրոնի բաժնի շենքի մոտ ոստիկանները կրկին ուժ գործադրեցին ՀԱԿ-ի անդամների եւ համակիրների նկատմամբ:

Ժամը 23.00-ի սահմաններում բացի երեք բերման ենթարկվածներից` Անի Գեւորգյանից, Սարգիս Գեւորգյանից եւ Դավիթ Քիրամջյանից, մնացածներն ազատ արձակվեցին: "Ազատ չարձակվածներին որեւէ մեղադրանք չեն առաջադրվել: Նրանք պահվում են անորոշ կարգավիճակով",- "Ա1+"-ին ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.