Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության 120 անդամների ձերբակալել էին նույն տարվա հուլիսի 16-ին: Ցավալի է, բայց հնչակ գործիչները մատնության զոհ էին դարձել, ու մատնողը հայրենակից էր` Արշավիր Սահակյան անուն ազգանունով, ով հայտնի էր նաեւ որպես Արթուր Եսայան: Վերջինս, իբրեւ Եգիպտոսի մասնաճյուղի պատվիրակ, մասնակցել էր ՍԴՀԿ Քեոստենճեի (Կոստանցա) 6-րդ ժողովին եւ կուսակիցների ցուցակներն ու ժողովի որոշումները թուրք հյուպատոսի միջոցով փոխանցել Պոլսի ոստիկանապետին: Չբավարարվելով ստոր արարքով` մատնիչը նաեւ դատավարության ժամանակ է վկայություններ տվել, մեղադրել կուսակիցներին անջատական գաղափարներ կրելու, երկիրը (Օսմանյան կայսրություն) մասնատելուն միտված ձեռնարկների մեջ եւ այլն:
Մեղքերից հիմնականը համարվում էր երիտթուրք կուսակցության պարագլուխների` Թալեաթի, Էնվերի, Ջեմալի ահաբեկչությունը կազմակերպելը: «Մշակ» թերթի վկայությամբ` այդ պատճառով էլ Թուրքիայի ներքին գործոց նախարարն անձամբ էր հետամուտ, որպեսզի առավելագույն պատժի վճիռ կայացվի: 120 բանտարկյալների մի մասին, այդուհանդերձ, նախքան դատը` միջնորդությունների, որոշներին` կաշառքի շնորհիվ, ազատ են արձակում: Դատավարությունը սկսվում է 1915 թվականի մայիսի 10-ին եւ տեւում 17 օր: Վճիռը հրապարակվում է մայիսի 27-ին: Անմեղ է ճանաչվում 6 մարդ, այդ թվում` Հմայակ Արամյանը, ով հետագայում գրում է «Վերածնունդի երկունքը», «Քսան կախաղանները», «Հարգանք սոցիալ-դեմոկրատ հնչակյան 20 անմահներուն» աշխատությունները, որոնք էլ հանդիսանում են դատավարության մասին հիմնական աղբյուրները: Ի դեպ. նրա համար միջնորդել էր Պոլսի հայոց պատրիարք Զավեն Եղյանը: «Ռազմական ատյանը» երկու տասնյակից ավելի գործիչների տարաժամկետ պատիժների է արժանացնում, իսկ քսան մարդու համար` վճռում մահապատիժ, որոնց էլ 1915թ. հունիսի 15-ին (հին տոմարով` հունիսի 2) Թուրքիայի մայրաքաղաք Կոստանդնապոլսի «Սուլթան Բայազիդի» հրապարակում բազմահազար մարդկանց ներկայությամբ, հրապարակավ կախաղան են բարձրացնում: Առաջին դատապարտվողը Փարամազն էր` ծնունդով մեղրեցի, ռուսահպատակ, մանկավարժ, հրապարակախոս, հեղափոխական գործիչ, ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ, Իթթիհատի ղեկավարներին ահաբեկելու գործով հիմնական մեղադրվող, իսկական անուն-ազգանվամբ` Մաթեւոս Սարգիսյանը: Պահպանվել է մահից առաջ նրա արտասանած խոսքը. «Դուք մեր մարմինը կրնաք միայն սպանել, բայց մեր գաղափարը` ոչ: Վաղն ան պիտի երեւի Արեւելքի հորիզոնին վրա: Հայությունը պիտի ողջունե ինքնավար սոցիալիստական Հայաստանը»: Հետո` հերթով պարանն անց են կացնում նաեւ մյուս դատապարվողների պարանոցներին: Տանք նաեւ նրանց անունները. Դոկտոր Պեննե Թորոսյան, ծննդյան ավազանի անունը` Պետրոս Խարբերդցի, ով հնարավորություն ուներ փախչելու, բայց գերադասեց մահը գաղափարակիցների հետ, իսկ կախվելուց առաջ հայտարարեց. «Մեզ քսանս կկախեք, բայց 20 հազարներ պիտի հետեւեն մեզի»: Արամ Աչըգպաշյան` արաբկիրցի, Գում Գաբուի 1-ին ցույցի եւ Շապին-Գարահիսարի առաջին դիմադրության կազմակերպիչ, Պոլսի Հնչակյան կազմակերպության հիմնադիր, 48 տարեկան: Գեղամ Վանիկյան` ծնունդով վանեցի, զինվորական վարժարանի ուսանող, Հնչակյան ուսանողական միության նախագահ: Երվանդ Թոփուզյան` Պարտիզակի հայոց վարժարանի ուսուցիչ, կուսակցական ծածկանունը` Բանվոր: Մեղքերի թողություն ընդունելու նպատակով Պոլսի Գում Գաբու թաղամասի Մայր եկեղեցուց հրավիրված քահանա Գալուստ Պողոսյանի վկայությամբ վերջին պահին նրա շուրթերին «Մեր Հայրենիքի» վերջին քառյակն էր. «Ամենայն տեղ մահը մի է...»: Ռուբեն Կարապետյան` այլ անվամբ` Վահան Պոյաճյան, 41 տարեկան, գործել է հիմնականում արտասահմանում: Նաեւ` Արմենակ Համբարձումյան, Գառնիկ Բոյաճյան, Երեմիա Մանուկյան, Հակոբ Պասմաճյան, Հովհաննես Տեր-Ղազարյան, Թովմաս Թովմասյան, Մուրադ Զաքարյան, Մկրտիչ Երիցյան, Գարեգին Պողոսյան, Աբրահամ Մանուկյան, Մինաս Քեշիշյան (հայտնի է Սարը Խաչիկ, Մշակ Մինաս անուններով), Սմբատ Գըլըճյան, Հրանտ Եկավյան, Պողոս Պողոսյան: Բացի հիշատակված 20 անունից, «Պատերազմական ատյանը» հեռակա մահվան է դատապարտել հնչակյան գործիչներից Սապահ-Գյուլյանին, Վարազդատին եւ Հրանտ Աղաջանյանին: Տասն օր անց նույն ատյանը` նախագահությամբ Նաֆըզ բեյի, մահվան վճիռ է կայացնում նաեւ Պողոս Նուբարի նկատմամբ` անկախ Հայաստան ստեղծելու նպատակով օտար տերությունների հետ գործակցելու մեղադրանքով: Սուլթանի կողմից վճռի հաստատումից հետո նրանց տրամադրում են թղթեր` կտակներ գրելու, բաժանում ճերմակ շապիկներ: Քահանայի վկայությամբ, մահապարտներն իրենց պահել են արիաբար. «Ոչ մեկ տրտունջ կամ դժգոհություն կլսվեր անոնց բերնեն, որովհետեւ համոզված զինվորագրած էին ազատության բանակին»: Ականատեսի վկայությամբ` նախքան դատավճռի իրականացումը բոլորը միաբերան երկու անգամ կրկնել են. «Կեցցե՛ Հայաստան» բառերը: Առաջինը կախաղան են հանում Փարամազին, այնուհետ հերթով` մնացյալին: Վերջում պարանոցներից տախտակներ են կախում, վրան` վճիռը: Ապա` հրավիրում են լուսանկարչին, նկարել տալիս, բժշկին, ով ստուգելով հաստատում է նրանց մեռած լինելը, որից հետո մոտեցած բեռնատարին են բարձում մարմիններն ու տեղափոխում Շիշլիի հայոց գերեզմանատուն...
Վարդան Օնանյան - Հունիս 15, 2010 http://www.armtimes.com/9996
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.