Հիմնարար սկզբունքներ, հոդված 2
Միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչեւ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կունենան որոշակի իրավունքներ եւ առավելություններ, որոնք կորոշակիացվեն Խաղաղության Համաձայնագրում ներքոշարադրյալ սկզբունքների համաձայն.
- ԼՂ բնակիչները պետք է ունենան ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական եւ տնտեսական կենսագործունեությունը եւ անվտանգությունը պաշտպանելու եւ վերահսկելու իրավունք` համաձայն միջազգային իրավունքի:
- ԼՂ բնակչությունը իրավունք է ունենալու ընտրելու պաշտոնյաներ` միջանկյալ շրջանում կառավարելու համար: Այդ պաշտոնյաները կիրականացնեն օրենսդիր եւ գործադիր իշխանություն, ինչպես նաեւ կհիմնեն դատարաններ: Այդ պաշտոնյաները նաեւ իրավունք կունենան կազմակերպել ընտրություններ Խաղաղության Համաձայնագրով նախատեսված շրջաններում:
- ԼՂ միջանկյալ իշխանությունները կունենան դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն ԼՂ-ին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը պարտադիր չէ:
- ԼՂ-ն կարող է ստանալ արտասահմանյան երկրների եւ միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն:
Այս հոդվածով պարզ է դառնում, որ ԼՂ իշխանությունները իրենց ապագայի վերաբերյալ քննարկումներում ունենալու են միայն դիտորդի կարգավիճակ (երրորդ ենթակետ): Այս հոդվածը ամրագրում է, որ Ղարաբաղի նախագահը չի ունենալու որոշիչ կամ որեւէ ձայն` Խաղաղության Համաձայնագրի քննարկման ժամանակ: Հոդվածով չի մասնավորեցվում ԼՂ բանակի կարգավիճակը: Դժվար է ընկալել, թե ինչպես կարող է ԼՂ-ն համակերպվել նման նվաստացնող կարգավիճակին, երբ նրա ձայնը որեւէ մեկին չի հետաքրքրելու: Այս հարցում կրկին անգամ պարզ է դառնում, որ ՀՀ իշխանությունները խաբել են մեզ, ասելով, որ ԼՂՀ որոշիչ դեր է խաղալու իր ապագա կարգավիճակը որոշելու հարցում:
Հիշեցնենք, որ 1997թ. համաձայնագրով (փաստաթղթի վերլուծությունը ներկայացվել է «ՀԺ» ապրիլի 22-ի համարում http://www.armtimes.com/24458), նույնպես նախատեսվում էր ԼՂ միջանկյալ կարգավիճակ: Միջանկյալ կարգավիճակի դրույթները ներկայացված էին շատ ավելի ծավալուն եւ մանրամասն, եւ ԼՂ իշխանությունների իրավասությունները անհամեմատ շատ էին: Փաստաթղթով ճանաչվում էր, որ ԼՂ ապագա կարգավիճակի որոշման հետագա բանակցությունները վարելու էին երեք կողմերը` հետեւաբար ԼՂՀ պաշտոնապես ստանում էր ճանաչվածի կարգավիճակ. այլ դեպքում մի սեղանի շուրջ չէին նստի Ադրբեջանի եւ ԼՂ ներկայացուցիչները, որոնց տրվում էին մեծ իրավունքներ: Մասնավորապես.
1997թ. համաձայնագրի Հոդված 3 կետ D.
- «Զորքերի դուրսբերումից հետո ԼՂ իշխանությունների կողմից վերահսկվող բոլոր շրջաններում անվտանգությունը ապահովվում է ԼՂ համապատասխան ռազմական եւ անվտանգության կառույցների կողմից»,
Հոդված VIII
- Կողմերը անմիջապես հիմնում են Մշտական խառը հանձնաժողով, որը իրականացնելու է տվյալ Համաձայնագրի դրույթների կատարման դիտարկումը: Ինչպես նշվեց` հանձնաժողովի փոխնախագահներից մեկը ԼՂ ներկայացուցիչ է, մյուսը` Ադրբեջանի:
Հոդված IV
Փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո հիմնվում էր ԵԱՀԿ խաղաղության պահպանման գործողությունը (ԽՊԳ): Այն համագործակցելու էր Հոդված VIII-ով նախատեսված Մշտական խառը հանձնաժողովի հետ:
Խաղաղության ամրապնդմանը եւ ԼՂ բնակչության անվտանգության ապահովմանը կնպաստեր նաեւ հոդվածում նախատեսված կոչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` ընդունել համապատասխան բանաձեւ: Իր գործունեության ընթացքում ԽՊԳ-ն պետք է համագործակցեր բոլոր կողմերի հետ` իր գործունեությունը անխափան անցկացնելու նպատակով:
Փաստաթղթի ստորագրումից հետո տեղի էր ունենում ամբողջական ապաշրջափակում, առեւտրական կապերի վերականգնում (հոդվածներ VI եւ XII), որի իրականացման համար պատասխանատվություն էին կրում բոլոր երեք կողմերը:
Հակիրճ ամփոփելով, կարել է նշել, որ այն իրավունքները, ինչ ունենում էր ԼՂ-ն 1997թ. համաձայնագրով, Հիմնարար սկզբունքները չեն նախատեսում: Հատկապես դա վերաբերում է ԼՂ դերակատարությանը` իր ապագա կարգավիճակը որոշելիս: Հիմնարար սկզբունքների առաջին հոդվածի դրույթներով ԼՂ չի կարող անցկացնել հանրաքվե` մինչեւ ադրբեջանական բոլոր փախստականների վերադարձը, իսկ երկրորդ հոդվածով` ԼՂ զրկվում է որպես լիարժեք կողմ մասնակցել Խաղաղության Համաձայնագրի մշակմանը` միայն որպես դիտորդ:
Ի տարբերություն Հիմնարար սկզբունքների, որի ստորագրումը նպաստելու էր Հայաստանի վրա միջազգային ճնշումների բազմապատկմանը` հնարավորինս կարճ ժամկետներում Խաղաղության Համաձայնագրի ամփոփման նպատակով, 1997 թ. համաձայնագրի ստորագրումով բանակցային գործընթացի թելադրողը դառնում էր ԼՂ-ն, դրանով հանդերձ ամբողջությամբ ապահովելով Հայաստանին միջազգային հանրության ճնշումներից:
Հիմնարար սկզբունքներ, հոդված 3
Հայկական ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ հարակից բոլոր տարածքներից:
- Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է շրջանի այն տարածքում, որը որոշելու է Միջազգային Անցումային Հանձնաժողովը` մինչեւ Խաղաղության Համաձայնագրի ստորագրումը:
- Քելբաջարի շրջանի վերահսկողությունը իրականացնելու է Միջազգային Անցումային Հանձնաժողովը, որը ներառելու է Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը իրականացնելու է Քելբաջարի շրջանի միջազգային մշտադիտարկում: Քելբաջարի բնակչության դուրս գալը շրջանից խրախուսվելու է:
- Ադրբեջանական տեղահանված անձինք վերադառնալու են Քելբաջարի շրջան Խաղաղության Համաձայնագրի ստորագրումից հետո:
Այսպիսով պարզ է դառնում, որ սուտ էին իշխանավորների այն պնդումները, որ հայկական ուժերը ոչ բոլոր շրջաններից են դուրս բերվելու: ՀՀ իշխանությունները նաեւ չէին կարողացել հասնել այն նպատակին, որ Քելբաջարը Ադրբեջանին փոխանցվեր միայն հանրաքվեից հետո` այդ մասին չկա եւ որեւէ հիշատակում: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախկին նախարար Օսկանյանը այդ մասին հայտարարել էր 2006 թ. Արմենպրեսին տված իր հարցազրույցում:
«Քելբաջարի բնակչության դուրս գալը շրջանից խրախուսվելու է» անմեղ թվացող նախադասությամբ ապահովվելու է Քելբաջարի շրջանի հայաթափման մեխանիզմի ստեղծումը: Եթե ճիշտ են այն պնդումները, որ մեկ տարի անց ստորագրվելու է նաեւ Խաղաղության Համաձայնագիրը` 2012 թ. կարելի է սպասել առաջին ադրբեջանական ընտանիքների վերադարձը Քելբաջար:
Ինչպես նշվել էր, 1997թ. համաձայնագրով նախատեսվում էր ԼՂ մասնակցությամբ Մշտական խառը հանձնաժողովի ստեղծում: Իսկ Հիմնարար սկզբունքների համաձայն, Քելբաջարի վերահսկողությունը իրականացնելու համար ստեղծվելիք հանձնաժողովում ԼՂ ներկայացուցիչ նախատեսված չէ, ինչով փաստվում է հայկական բանակցային պատվիրակության հերթական միակողմանի եւ չհիմնավորված զիջումը Ադրբեջանին:
1997թ. համաձայնագրում Քելբաջարի հարցը դրված չէր: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ ԼՂ իշխանությունները նույն թվականի աշնանը մերժեցին ՀՀ նախագահի առաջարկությունը` համաձայնվել փաստաթղթի այն տարբերակի հետ, որում, հայկական վերահսկողության տակ, բացի ողջ Լաչինի շրջանից, կմնար նաեւ Քելբաջարի շրջանը: Այս առաջարկությունը մերժած Արկադի Ղուկասյանը, որը լիիրավ կողմի կարգավիճակով պետք է նստեր ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների կողքին եւ ստորագրեր խաղաղության համաձայնագիր, այսօր նստած է Ս. Սարգսյանի կողքին եւ համաձայնություն է տալիս Հիմնարար սկզբունքներով նախատեսվող բոլոր տարածքների հանձնմանը Ադրբեջանին:
Հարկ է նաեւ նշել, որ 1997թ. համաձայնագրի համաձայն, իրենց ամրացված տեղերից հեռանում էին նաեւ ադրբեջանական զորքերը` այսինքն զորքերի դուրսբերման առումով էլ Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակը ապահովել էր պարիտետ:
Հիմնարար սկզբունքներ, հոդված 4
«Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է կապի Հայաստանն ու Ղարաբաղը: Մինչեւ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը այդ միջանցքը պահպանելու է այն կարգավիճակը, որը առկա էր փաստաթղթի ստորագրման պահին: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի կարգավիճակը կկարգավորվի` հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը»:
Հիմնարար սկզբունքների 3-րդ եւ 4-րդ հոդվածների համաձայն, Լաչինի շրջանը անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Մեզ մնում է միայն միջանցք, որի ապագա կարգավիճակը անհայտ է: Սույնով ամփոփվում է բոլոր շրջանների անհատույց փոխանցումը Ադրբեջանին: Փաստաթղթի դրույթների համաձայն, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ԼՂ որեւէ տարածք հայկական կողմերը չեն ստանում:
1997թ. համաձայնագրով Լաչինի ամբողջ շրջանը մնում էր ԼՂ վերահսկողության ներքո: Իսկ XI հոդվածի համապատասխան դրույթը նախատեսում էր այնպիսի պրակտիկ մեխանիզմ, որը ապահովում էր վերջնական պայմանագրի ստորագրումից հետո փոխանակման եղանակով Լաչինի շրջանի վերջնական փոխանցումը Լեռնային Ղարաբաղին: Լաչինի խնդիրներով կարգավորման երկու տարբերակների համեմատությունը ցույց է տալիս Քոչարյանի վարչակազմի խայտառակ նահանջը:
Իր նախընտրական ծրագրում, որպես ԼՂ հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներից մեկը Ս. Սարգսյանը խոստացել էր ապահովել Հայաստանի եւ ԼՂ միջեւ ընդհանուր սահման: Նախընտրական ծրագրի հրապարակման ժամանակ ծանոթ լինելով Հիմնարար սկզբունքներին, նա, փաստորեն, խոստացել էր վերաշարադրել դրանք այնպես, որ ընդգծվեր, որ Լաչինի միջանցքը ունենալու է նույն կարգավիճակը, ինչ ԼՂ-ն, հետեւաբար Հայաստանը պետք է ունենա ընդհանուր սահման Լեռնային Ղարաբաղի հետ: Սպասենք Հիմնարար սկզբունքների ստորագրմանը, որից պարզ կդառնա, թե ինչպես է Ս. Սարգսյանը կատարում իր խոստումը:
Հիմնարար սկզբունքներ, հոդված 5
«Խաղաղության Համաձայնագրի դրույթների հիման վրա, բոլոր ներքին տեղահանված անձինք եւ փախստականները ունեն կամավոր հիմքերով վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցով Հանձնակատարը հայտարարի, որ նախկին բնակավայրերի անվտանգությունը ապահովված է: Իրենց բնակավայրեր վերադարձած բոլոր անձինք առանց խտրականության օգտվելու են մարդու իրավունքներից եւ հիմնարար ազատություններից: Նրանց համակեցությանը պետք է նպաստեն բոլոր կողմերը, նպատակ ունենալով մեղմել լարվածությունը, ինչպես նաեւ կարգավորել հայերի եւ ադրբեջանցիների տնտեսական, քաղաքական եւ սոցիալական վիճակը»:
Ինչպես պարզորոշ երեւում է փաստաթղթից` ԼՂ կորցնում է որեւէ վերահսկողություն` փախստականների վերադարձի գործընթացի վրա: Այդ գործընթացը ամբողջությամբ իրականացնելու է Ադրբեջանը, առանց որեւէ խոչընդոտի: Հիմնարար սկզբունքները կանաչ լույս են վառում փախստականների` բուն Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար (միայն կարելի է պատկերացնել, թե ադրբեջանցիներին ԼՂ-ում տեսնելուց հետո ինչ կկատարվի ԼՂ բնակչության հետ): Ավելին, առանց ադրբեջանցի փախստականների մասնակցության տեղի չի ունենա պլեբիսցիտ:
1997թ. Համաձայնագրի V եւ VII հոդվածներն են վերաբերում փախստականների վերադարձի խնդիրների համալիրին: Հիմնարար սկզբունքներից ամենաէական եւ նշանակալի տարբերությունը այն է, որ փաստականների վերադարձ ԼՂ նախատեսված չէ: Նրանք կարող են վերադառնալ միայն բաժանարար գոտու տարածքներ: Եւ նույնիսկ այդ դեպքում, վերադարձի ողջ գործընթացը իրագործվում է ԼՂ ներկայացուցչի մասնակցությամբ Մշտական խառը հանձնաժողովի անմիջական վերահսկողության տակ:
Հիմնարար սկզբունքներ, հոդված 6
«Դուրս բերված շրջանների ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով Միջազգային խաղաղապահ գործողություն է իրականացվելու մինչեւ Խաղաղության Համաձայնագրի ուժի մեջ մտնելը: Խաղաղապահ միավորները կազմված են լինելու զորքերից: Խաղաղապահ գործունեության համար զորքերի տրամադրումը իրագործվելու է կամավոր հիմքերի վրա: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա»:
Հիմնարար սկզբունքները նախատեսում են նաեւ չորս հանձնաժողովի ստեղծում, որոնք հստակեցնելու են.
- Պլեբիսցիտի իրականացման մանրամասները
- Միջանցքի ապագա կարգավիճակը
- Քելբաջարի շրջանի ամբողջական փոխանցումը Ադրբեջանին
- Հիմնարար սկզբունքների իրագործմանը առնչվող լրացուցիչ հարցեր
Համառոտ եզրակացություն
Հիմնարար սկզբունքների ընդունումը լրջորեն թուլացնելու է հայկական դիրքերը: Այս պահին ձեռնպահ կմնանք խնդրի ռազմական ասպեկտի վրա կանգ առնելուց: Դիվանագիտական հիմնական զիջումը այն է, որ փաստաթղթի ընդունումից հետո Հայաստանը դառնում է անհամեմատ շատ խոցելի, քան այսօր, քանի որ զրկվում է տարածքների պատասխանատվությունը ԼՂ վրա դնելու` Հայաստանի մշտական եւ հրաշալի աշխատող կռվանից: Սակայն սա դեռ Հիմնարար սկզբունքների` 2007 թ. (Մադրիդյան) տարբերակն է: Մեր մտավախությունն այն է, որ այսօր սեղանի վրա դրված տարբերակը էլ ավելի խայտառակ դրույթներ ունի:
Հ.Գ. Այս հոդվածի հրապարակումից հետո ԼՂ իշխանությունները այլեւս չեն կարող ասել, որ տեղյակ չեն փաստաթղթին: Այսուհետ նրանք պետք է դիրքորոշում հայտնեն այս փաստաթղթի վերաբերյալ: Նրանք պետք է բացատրեն սեփական բնակչությանը, մեզ, թե որն էր պատճառը, որ իրենք մերժեցին իրենց իսկ մասնակցությամբ մշակված եւ իրենց ստորագրությունը նախատեսող 1997թ. համաձայնագիրը եւ հիմա դեմ հանդես չեն գալիս իրենց շահերը հիմնովին արհամարհող Հիմնարար սկզբունքներին: Այս պատասխանը հատկապես կարեւորվում է, հաշվի առնելով Էդ. Նալբանդյանի հունիսի 14-ին արած հետեւյալ հայտարարությունը. «Անհնար կլինի անցնել կարգավորման երկրորդ փուլին (այսինքն, Խաղաղության Համաձայնագրի մշակմանը.- հեղ.), եթե Լեռնային Ղարաբաղի կողմից համաձայնություն չլինի Հիմնարար սկզբունքների վերաբերյալ»: Այս հայտարարությամբ Երեւանը փաստաթղթի ընդունման պատասխանատվությունը փորձում է դնել ԼՂ վրա: Անհրաժեշտ է, որ ԼՂ նախագահը հավատարիմ մնա օրերս արած իր հայտարարությանը. «Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության համապարփակ եւ վերջնական կարգավորման ուղղությամբ նշանակալի առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների ամբողջական ձեւաչափը` Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցությամբ»: Այս խոսքերից հետո դժվար է պատկերացնել, որ Բակո Սահակյանը համաձայնություն տա առանց ԼՂ մասնակցության մշակված Հիմնարար սկզբունքներին, ինչը նրանից խնդրում է ՀՀ ԱԳ նախարարը:
Աշոտ Ներսիսյան
ՀԺ - Հունիս 18, 2011
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.