"Եթե ձեզ մոտենում են փողոցում եւ խնդրում անցնել բաժին, դուք իրավունք ունեք փաստաթուղթ պահանջել մոտեցողից եւ տեղեկանալ, թե ինչն է ձեզ տանելու պատճառը: Հեռախոսով հրավիրելու դեպքում դուք կարող եք պահանջել գրավոր ծանուցագիր, որի մեջ պետք է նշված լինի, թե ինչ գործով ու ինչ կարգավիճակով (տուժող, վկա, կասկածյալ) եք հրավիրվում, որ ժամին, ուր, կանչողի անունը: Վարչական ձերբակալության մասին անպայման պետք է կազմվի արձանագրություն, որը պետք է ստորագրեն պաշտոնատար անձը եւ ձերբակալվածը, որը կարող է նաեւ հրաժարվել ստորագրելուց: Ձերբակալվածի խնդրանքով իրավապահները պարտավոր են նրա գտնվելու վայրի մասին տեղեկացնել հարազատներին, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիային: Վարչական պատասխանատվության ենթարկվողին կարող են ենթարկել զննության (նույն սեռին պատկանող 2 ընթերակաների ներկայությամբ), որը պետք է արձանագրվի:
Նա իրավունք ունի ծանոթանալ գործի նյութերին, բացատրություններ տալ, ապացույցներ ներկայացնել, օգտվել փաստաբանի օգնությունից: Վարչական պատասխանատվության գործը կազմվում է ոստիկանությունում եւ քննվում դատարանում, որոշումը հայտարարվում է անհապաղ, իսկ եռօրյա ժամկետում պարտավոր են տվյալ անձին տրամադրել որոշման պատճենը: Վարչական տուգանքը վճարվում է ոչ ուշ, քան 15 օրում: Վարչական կալանքը կիրառվում է բացառիկ դեպքերում՝ առավելագույնը 15 օրով: Կալանք չի կարող կիրառվել հղի, մինչեւ 12 տարեկան երեխաներ ունեցող կանանց, 18 տարին չլրացած անձանց, 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների նկատմամբ: Ձերբակալման ժամկետը հաշվվում է կալանքի ժամկետի մեջ: Քրեական գործով որպես վկա հրավիրելու դեպքում ձեզ պարտավոր են հարցաքննել մինչեւ երեկոյան ժամը 22-ը, միայն կասկածյալին կամ մեղադրյալին, այն էլ՝ ծայր անհրաժեշտության դեպքում կարող են հարցաքննել գիշերային ժամերին: Վկային անժամկետ պահելը, որեւէ քննչական գործողություն նրա հետ չկատարելը միջազգային նորմերի կոպիտ խախտում է: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը վկային պաշտպան ունենալու հնարավորություն չի տալիս, բայց, ըստ Սահմանադրության, յուրաքանչյուր ոք իրավունք ունի իրավաբանական օգնություն ստանալ, ուստի պահանջեք, որ ձեզ իրավաբանական օգնություն ցույց տան: Չնայած "վկան պարտավոր է ցուցմունք տալ", սակայն նա կարող է ցուցմունքներ չտալ իր եւ իր մերձավոր ազգականների (ծնողների, զավակների, ամուսնու, եղբայրների ու քույրերի, պապի, տատի, թոռների, ամուսնու ծնողների) դեմ: Նա կարող է անձամբ շարադրել ցուցմունքը, ծանոթանալ հարցաքննության արձանագրությանը, լրացումներ անել: Որպես կասկածյալ եւ մեղադրյալ հարցաքննվելիս կարող է հրաժարվել ցուցմունք տալուց, եւ դա չի կարող մեկնաբանվել ի վնաս անձի: Ձերբակալությունը կարող է տեւել ոչ ավելի, քան 72 ժամ, հետո պետք է դատարանը՝ անպայման անձի ներկայությամբ, դռնփակ նիստում քննի կալանքի միջնորդությունը եւ որոշում կայացնի: Ձերբակալության պահին անձին պետք է ծանոթացնեն ձերբակալվածի իրավունքների հետ, հենց այդ պահից անձը կարող է պաշտպան ունենալ եւ հարցաքննվել բացառապես պաշտպանի ներկայությամբ: Ընդ որում, եթե մարդն անվճարունակ է, ապա պաշտպանը տրամադրվում է պետպատվերի կարգով: Պաշտպանի հետ տեսակցությունը պետք է կոնֆիդենցիալ լինի՝ այն կարող է միայն տեսողական հսկողության ենթարկվել, բայց չպետք է լսվի: Ոչ ուշ, քան 12 ժամում քննիչը պարտավոր է անձի գտնվելու վայրի մասին տեղեկացնել հարազատներին: Ձերբակալվածի վրա մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում անհապաղ բուժաշխատող է հրավիրվում, որը բուժօգնություն ցույց տալուց հետո գրառում է կատարում գրանցամատյանում: Ձերբակալվածին պահելու վայրում պարտավոր են նրան անվճար սնունդ, անկողնային պարագաներ, սպասք, քնելու տեղ տրամադրել, 20 կիլոգրամանոց ծանրոցների ընդունում եւ մերձավոր ազգականների հետ մեկժամյա տեսակցություններ թույլատրել, եթե քննիչը, "քննության շահերից ելնելով", տեսակցություններն արգելելու որոշում չի կայացրել: Պակաս կարեւոր չէ իմանալ, որ կալանքը խափանման 7 միջոցներից մեկն է, եւ դատարանը ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների դեպքում այն կարող է փոխարինել գրավով: Խափանման միջոցի, ընդհանրապես՝ քննիչի, դատախազի, դատարանի ցանկացած որոշում կարող են բողոքարկվել վերադաս դատարանում: Կալանքի որոշումը չի կարող գերազանցել երկամսյա ժամկետը, իսկ նախաքննության ժամկետը՝ մեկ տարին:
"Քաղաքացիական հասարակության ինստիտուտը" փոքրիկ բրոշյուրներ են տպագրել՝ "Իմացեք ձեր իրավունքները" եւ "Ձերբակալված մարդկանց իրավունքները Հայաստանում" վերնագրերով: Այս գրքույկները հարկ է, որ կարդան ոչ միայն միտինգների մասնակիցները, այլեւ ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք պատրաստվում են շարունակել բնակվել Հայաստանում:
Քաղաքացիական Հասարակության Ինստիտուտ
Երեւան 0025, Այգեստան 11 փողոց, 43 շենք
Հեռ. (+37410) 574317
Ֆաքս. (+37410) 559634
csi@csi.am
www.csi.am
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.