воскресенье, 26 декабря 2010 г.

Ազատ եւ ինքնուրույն զանգեզուր

2e6bgao Որ մեր պատմությունը, այդ թվում` նորագույն, լավ չգիտենք` փաստ է: Մեր օրերում, ի նկատի ունեմ խորհրդային
տարիներին դպրոցական եղած ժամանակները, Հայ ժողովրդի պատմության դասագիրքը մի բարալիկ ձեռնարկ էր, այն էլ` երկու տարվա համար նախատեսված, մատուցածն էլ` հեչ բանի նման չէր:
Կարելի է ասել, գրեթե ոչինչ չկար Հայաստանի առաջին Հանրապետության վերաբերյալ, բացի, իհարկե, իմպերիալիզմի լծկան դաշնակցական մաուզերիստների, խեղճ գյուղացու ու չարքաշ բանվորի հաշվին ապրող բուրժուաների, հայրենիքը կործանման եզրին հասցրած արկածախնդիրների մասին հայհոյախառն, չափազանց «գունազարդված» մեկնաբանություններից: Մենք` խորհրդահայ աշակերտներս, համոզված էինք, որ իսկապես Հայաստանը փրկել են Լենինն ու նրա զինակից հայ բոլշեւիկները: Հետո փոխվեցին ժամանակները, փոխվեցին դասագրքերը, բայց հիմա էլ, ասում են, սովորող չկա: Այնինչ` այնքան ուսանելի, այնքան օրինակելի ու այնքան հերոսական դրվագներ ունենք, որոնք սերտելու դեպքում կարող էինք դասեր առնել ու այլեւս չսխալվել:
Դեկտեմբերի 25-ը Ինքնավար Սյունիքի հռչակման օրն է: 90 տարի առաջ, 1920 թ. այդ օրը սյունեցիք որոշեցին չենթարկվել ո՚չ Խորհրդային Ադրբեջանին, ու ո՚չ էլ Հայաստանի կառավարությանը, որ նույնպես, ընդամենը 23 օր առաջ դարձել էր խորհրդային, ու վճռեցին ապրել ազատ եւ ինքնուրույն:

Ինչո՞ւ Զանգեզուրը հռչակվեց անկախ: Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հակիրճ անդրադառնալ այդ շրջանի պատմությանը: Մեր նախորդ հոդվածներում պատմելով Արցախի մասին, հաճախ նշել ենք, որ Ռուսական կայսրության փլուզումից հետո նորաստեղծ պետությունների` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վիճելի տարածքներ էին դարձել նախկին Ելիզավետպոլի նահանգի կազմի մեջ մտնող, գերազանցապես հայաբնակ Ղարաբաղն ու Զանգեզուրը: Պատկանելության հարցը հատկապես սրվեց երկրորդ աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից եւ Այսրկովկասի գրավյալ տարածքներից թուրքական զինուժի հեռանալուց հետո, երբ 1919-ի հունվարին Ադրբեջանն իր հերթին հայտարարեց Զանգեզուր-Ղարաբաղի նահանգապետության ստեղծումը` ղեկավար կարգելով Խոսրով բեկ Սուլթանովին, Հայաստանն` իր: Հայոց կառավարության նշանակած կոմիսարը Արսեն Շահմազյանն էր, որը անգլիական զինվորական ղեկավարության ճնշումների տակ այդպես էլ չկարողացավ անցնել Լեռնային Ղարաբաղ եւ գործունեություն ծավալեց միայն Զանգեզուրում: Նրան նույն տարվա ամռանը փոխարինում է կապիտան Գարեգին Տեր-Հարությունյանը` Նժդեհը, որի ղեկավարությամբ էլ Սյունիքը կեր
տեց իր հերոսական, իսկապես` փառապանծ գոյապայքարի պատմությունը: Քանի որ 2011 թվականը հայտարարված է նժդեհյան տարի, ու տարբեր մակարդակներով նշվելու է զորավարի ծննդյան 125-ամյակը, եւ «ՀԺ»-ն էլ առիթ կունենա անդրադառնալու նրա գործունեությանը, այսօր բավարարվենք միայն ժամանակագրական ընդհանուր նկարագրություններով:
Զանգեզուրը գրավելու նպատակով 1919-ի նոյեմբերին Ադրբեջանը երեք ուղղություններով` գեներալ Ալի Աղա Շիխլինսկու գլխավորությամբ մեծաքանակ զորք է ուղղում, որը հնգօրյա մարտերից հետո ջախջախված նահանջում է:
Մինչեւ 20 թվականի հունվարի 19-ը սյունեցիները ողջ Զանգեզուրը մաքրում են թուրք-թաթարներից եւ հաստատում հարաբերական խաղաղություն:
1920-ի գարնանը, ի դեմս Կարմիր բանակի, տարածաշրջանում հայտնվում է նոր, կարեւոր ու զորեղ ուժ: Ադրբեջանի խորհրդայնացումից հետո նրանք ձեռնարկում են Արցախի, Զանգեզուրի, Նախիջեւանի բռնակցումը նորաստեղծ կարմիր հանրապետությանը: Արցախը հեշտորեն է տրվում: Կարմիրները շարժվում են դեպի Զանգեզուր: 11-րդ բանակը հուլիսի 5-ին մտնում է Գորիս, սկսվում են մոտ 70-օրյա կռիվներ, բոլշեւիկները գրավում են գրեթե ողջ Զանգեզուրը: Օգոստոսի 25-ին Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Կապարգողթի հայությունը Նժդեհի գլխավորությամբ որոշում է անձնատուր չլինել, կռվել «Հանուն հայրենիքի` Դավիթբեկաբար»: Զինակիցներով բարձրանալով Խուստուփ, Նժդեհը պատրաստվում է ընդհանուր ապստամբության: Հոկտեմբերի 10-ին Կապանում եւ Սիսիանում հայությունը ընդվզում է բոլշեւիկների դեմ: Պողոս Տեր-Դավթյանի գլխավորությամբ ազատագրվում է Սիսիանը, Նժդեհի ղեկավարությամբ` Կապանը: Հոկտեմբերի 15-ին ռուսական զորքը Կուռիշկոյի հրամանատարությամբ, որ ժամանակին ջախջախել էր Դենիկինին ու Կոլչակին, անցնում է գրոհի, սակայն նոյեմբերի 3-ի ու 4-ի կռիվներում պարտվելով` բառացիորեն փախչում: Նոյեմբերի 21-ին Նժդեհյան ուժերը մտնում են Գորիս. Զանգեզուրը կրկին ազատագրված էր:
Իսկ բուն Հայաստանի Հանրապետությունում գործերն առավել քան վատ էին, ինչը 1920 դեկտեմբերի 2-ին հանգեցրեց վարչաձեւի փոփոխման: Երկու օր անց Կարմիր բանակի զորամասերը առանց դիմադրության մտան Երեւան: Ահա, նման պայմաններում է 1920-ի դեկտեմբերի 25-ին, Նժդեհի նախաձեռնությամբ եւ Զանգեզուրի բոլոր գյուղերից 118 պատվիրակի մասնակցությամբ, Տաթեւի պատմական վանքում գումարվում համազանգեզուրյան առաջին համագումարը: Նախագահ է ընտրվում Գեդեոն Տեր-Մինասյանը: Ժողովն ընդունում է օրակարգը, քննարկում Հայաստանի քաղաքական անցուդարձը, Սյունիքի ապագա ճակատագիրը, իշխանության կազմակերպումը, ինքնապաշտպանության, պարենավորման եւ այլ հարցեր: Համագումարը, որն, ըստ էության, նաեւ սահմանադիր ժողովի կարգավիճակ ուներ, քանի որ քննության էին առնվում հիմնական պետական սկզբունքներն ու որոշվում երկրի կառուցվածքը, ընդունում է հետեւյալ բանաձեւը. «Զանգեզուրը հայտարարել ժամանակավորապես ինքնավար, մտցնելով հանրապետական իրավակարգեր, լինելով անկախ, մինչեւ քաղաքական հնարավորություն կունենա միանալու իր մայր երկրի` Հայաստանի հետ: Ինքնավար Սյունիքի սահմաններն են Զանգեզուրի նախկին սահմանները»: Սա, այլ կերպ, քան անկախ պետության հռչակում` չի կարելի անվանել: Որոշման համաձայն, համագումարը ճանաչվում է որպես Ինքնավար Սյունիքի օրենսդիր մարմին` խորհրդարան, որն էլ ընդհանուր հրամանատար (սպարապետ) ընտրելու, պատերազմ սկսելու եւ հաշտություն կնքելու, ինչպես նաեւ` կառավարություն (պրեզիդիում-դիվան) կազմելու իրավունք ուներ: Սպարապետ է նշանակում Նժդեհը, որը պիտի ստանձներ նաեւ կառավարության ղեկավարի, արտաքին գործերի եւ զինվորական վարիչների պարտականությունները: Նշանակվում են նաեւ ներքին գործերի, պարենավորման, արդարադատության, ֆինանսական, լուսավորության, առեւտրա-արդյունաբերության, հողային, հաղորդակցության եւ խնամատարության վարչությունների ղեկավարներ (նախարարներ):
Սյունիքի անկախության հռչակումը, բնականաբար, ո՚չ Խորհրդային Ադրբեջանի, ո՚չ էլ Խորհրդային Հայաստանի սրտով չէր: Կարմիրները մի քանի վերջնագրեր են ուղարկում, սպառնում ռազմական միջամտությամբ: Փոխարենը` 1921թ. փետրվարի 15-17-ը սյունեցիներն ազատագրում են Դարալագյազը (ներկայիս Վայոց Ձորը), մեկ օր անց հպատակեցվում են Բարգուշատի թուրքերին: Փետրվարի 28-ից օգնության հասնելով Արցախում ապստամբած Թեւան Ստեփանյանին, ազատագրում են Դիզակն ու Վարանդան, որի արդյունքում Ինքնավար Սյունիքի տարածքը հասնում է մոտ 10.000 քառ. կիլոմետրի: Նույն օրերին բուն Հայաստանում բռնկվում է Փետրվարյան ապստամբությունը, բոլշեւիկյան իշխանությունը 40 օրով տապալվում է: Փետրվարի 21-ին Գորիսի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հանդիսավոր պայմաններում Սյունիքի կառավարությունը Նժդեհին է հանձնում Սպարապետի գոտին եւ դրոշակը…
Դա այն դրվագն է, որը ներկայացված է խորհրդահայ «Զանգեզուր» ֆիլմում, ուր այդպես ջանադրաբար ծաղրված սպարապետը, իհարկե, Գարեգին Նժդեհն է…
Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո` ապրիլի 2-ին, 12.000 գաղթականներ, որից 4.000-ը զինվորականություն, հեռացավ Երեւանից: Միակ` փրկության ճանապարհը տանում էր Սյունիք:
1921թ. ապրիլի 26-ին սկսվում է Համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը Ինքնավար Սյունիքը հռչակում է Լեռնահայաստանի Հանրապետություն:
Սակայն սա վերջի սկիզբն էր: Փոքրիկ Զանգեզուրը, որքան էլ հերոսաբար կռվեին նրա պաշտպանները, այլեւս անկարող էր դիմակայել բոլշեւիկյան մեծամասշտաբ գրոհներին: Իսկ երբ Խորհրդային Հայաստանի կառավարությունը Մյասնիկյանի գլխավորությամբ հայտարարում է Զանգեզուրը ՀԽՍՀ կազմում ընդգրկելու մասին (12 հունիս, 1921թ.), Լեռնահայաստանն ի վերջո տեղի է տալիս:
Հուլիսի 1-ին ընկավ Սիսիանը, երկու օր անց` Գորիսը, հետո Կապանը, Մեղրին... Հուլիսի 9-ին Արաքսն անցավ նաեւ Նժդեհը:
Լեռնահայաստանի պատմությունն ավարտվեց, սակայն, շնորհիվ երկամյա հերոսամարտի, հնարավոր եղավ հայության այդ հատվածը փրկել կոտորածից, ապահովել Երեւանի գաղթականության նահանջն ու հետագա անցումը Պարսկաստան, կասեցվեց թուրքերի` պանիսլամական կայսրություն ստեղծելու նկրտումը, ամենակարեւորը` Զանգեզուրը կցվեց հայրենիքին, ինչն էլ ապահովեց Խորհրդային Հայաստանի հետագա գոյությունն ու զարգացումը, մեր օրերում արդեն` Լեռնային Ղարաբաղի ազատագրումը:
Նաեւ այսպիսին է մեր նորագույն պատմությունը:
Վարդան Օնանյան - Դեկտեմբեր 25, 2010
Հայկական Ժամանակ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.